ՀՀ կառավարությունը 2021 թվականին ընդունել է էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր, որը նախանշված է մինչև 2040 թվականը։ Վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումը հանդիսանում է էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։
«Նույնը կարող եմ ասել նաև էներգախնայողության մասին, որը ևս կառավարությնա ուշադրության կենտրոնում գտնվող ուղղություններից մեկն է։ Նախ նշեմ, որ Հայաստանը բավականին զարգացած է եղել ՀԷԿ-երի հարցում։ Հիդրոէներգետիկայի բնագավառը մեզ մոտ համարվել է վերականգնվող էներգետիկ աղբյուրների զարգացած տեսակներից մեկը, սակայն վերջին հինգ տարիներին բուռն զարգացում է ապրել արևային էներգետիկան։
Ամենախոսուն թիվը, որ կարելի է նշել, դա այն է, որ ռազմավարությամբ սահմանվել է՝ մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է կառուցվեն շուրջ 1000 մՎՏ արևային ֆոտովոլտային կայաններ։ Այսօր մենք հասել ենք այդ ցուցանիշին»,- ասաց բանախոսը։
Հարցին՝ ինչպիսի՞ սուբսիդավորման աշխատանքների շնորհիվ է հնարավոր եղել սահմանված շեմին հասնել նախանշված ժամկետից հինգ տարի շուտ, Հովհաննես Աբրահամյանը պատասխանեց՝ սկսած 2019-ից՝ բազմաթիվ խրախուսող ծրագրեր և իրավական կարգավորումներ են ներդրվել՝ թե՛ պետության, թե՛ ՀԾԿՀ-ի կողմից։
«Պետք է խոսել մի ծրագրի մասին, որը մեծ թափ հաղորդեց. խոսքը բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրի մասին է, որի շրջանակներում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տեղադրել ներդնել արևային համակարգեր, ջրատաքացուցիներ և այլն։ Ծրագիրն այս տարվա հունիսին ավարտվեց։ Բացի այդ՝ 2022-ին, երբ ծրագիրը ներդրվեց, նախատեսված էր մեկ տարվա համար, և դրա համար 2022-ին պետբյուջեից հատկացվեց 40 մլն դրամ սուբսիդիա։ Սակայն վերջին տարիներին միլիարդավոր դրամների սուբսիդիա է հատկացվել և դեռ պետք է 7 տարի պետբյուջեից նման մասշտաբի սուբսիդիա հատկացվի»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետը։
Հովհաննես Աբրահամյանը հիշեցրեց՝ ծրագրի շահառուներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորում էր պետությունը՝ 9-14 տոկոսի սահմաններում։ 2025 թվականին ծրագրի շահառուների թիվն անցնում էր 34 հազարից։ Ամենամեծ թվով շահառուներ եղել են Արարատի և Կոտայքի մարզերում, այնուհետև՝ Երևանում։





