Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրում է. «Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, որ մինչեւ տարեվերջ կհրապարակվեն բանակցային թղթեր: Դրանցով նա պետք է «ապացուցի», որ արցախյան հարցը եղել է «թոկ» Հայաստանի վզին:
Չգիտեմ, թե ինչ թղթեր է հրապարակելու Նիկոլ Փաշինյանը, հրապարակելու է մինչ այժմ եղած բոլոր թղթերն անխտի՞ր, թե՞ միայն նրանք, որոնք օգտակար են իր «տեսությունն» այսպես ասած «ապացուցելու» համար:
Բոլոր դեպքերում, ինչպես արտահայտվել եմ շատ ավելի վաղ, բանակցային թղթերը բոլորովին չեն արտացոլի արցախյան հարցի եւ դրա խաղաղ բանակցային գործընթացի ամբողջ արեալն ու տրամաբանությունը, եթե անգամ հրապարակվեն ամբողջապես: Արցախյան հարցը եւ կարգավորման գործընթացը շատ ավելի տարողունակ ու բազմաշերտ են, քան լոկ բանակցային թղթերը:
Այս տեսակետս արտահայտել եմ դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին ուղղվեցին այդ թղթերը հրապարակելու առաջին հորդորները:
Վերջին հաշվով, արցախյան հարցը աշխարհաքաղաքական պայքարի էական դրվագի վերածված հարց է, հետեւաբար այդ հարցի կարգավորման գործընթաց ասվածը ենթադրում է ոչ միայն բանակցային ձեւաչափով հարաբերություն հակամարտ կողմերի եւ միջնորդների միջեւ, այլ նաեւ հակամարտ կողմերից յուրաքանչյուրի եւ միջնորդներից յուրաքանչյուրի միջեւ երկկողմ հարաբերության գործընթաց, միջնորդների՝ միմյանց միջեւ հարաբերության գործընթաց՝ իր ամբողջ արեալով, միջնորդների՝ եւ ռեգիոնում առանցքային դեր ունեցող, բայց կարգավորման գործում ֆորմալ կարգավիճակ չունեցող դերակատարների միջեւ հարաբերության շերտ:
Արցախյան հարցը, ինչպես եւ ցանկացած աշխարհաքաղաքական հարց, հագեցած է եղել այդ բազմաշերտությամբ: Եվ, այդպիսին է թերեւս առ այսօր, թեեւ թվում է, թե այն փակված է անշրջելիորեն:
Հետեւաբար, բանակցային թղթերը մեղմ ասած չեն կարող բավարար լինել իրական պատկերը իր ընդգրկումով եւ խորությամբ չափելու համար: Ըստ այդմ, ինչպես ասել եմ դեռ ամիսներ կամ տարի առաջ, երբ հայտնվեց հրապարակման թեման, այսօր էլ նշեմ՝ այդ ամենը բացի մանիպուլյացիոն ներքաղաքական տեղեկատվա-քարոզչական դաշտից, չի տալու ըստ էության ոչինչ:
Կա փաստը, որ Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում: Դրանից հետո Փաշինյանը զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը, որպեսզի իրենից ոչ մի սանտիմետր հեռու չգնա իշխանությունը»:





