Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է վերացնել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և Ներքին գործերի նախարար Անաս Հասան Խաթթաբի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Դեռևս հայտնի չէ, թե երբ կարող է Վաշինգտոնի բանաձևը ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ընդհանուր քվեարկության:
Դրա ընդունման համար անհրաժեշտ է առնվազն ինը կողմ ձայն, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի կամ Միացյալ Թագավորության կողմից վետո չկիրառել։
Նոյեմբերի 10-ին ալ-Շարաան նախատեսում է իր առաջին այցը Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։
Այս հանդիպման ժամանակ Սիրիայի ժամանակավոր նախագահը, ինչպես սպասվում է, կստորագրի համաձայնագիր՝ միանալու ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարող կոալիցիային. հաղորդում է Axios-ը: Reuters-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահի ԱՄՆ այցը կախված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումից:
Թրամփը նախկինում հայտարարել էր Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության էական փոփոխության և երկրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացման մասին։





