Լրագրողներն այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք մտադիր է ինքնաառաջադրվել Վաղարշապատի ավագանու ընտրություններին։
Նախարարը հարցադրմանը ժպիտով արձագանքեց։
«Ես, ճիշտն ասած, անկեղծորեն չեմ մտածել այդ մասին։ Կարծում եմ, որ դա առաջին հերթին երևի թե կուսակցականներին է վերաբերում։ Քանի որ ինքս կուսակցական չեմ, ուղղակի չեմ էլ մտածել։ Անկեղծ ասած՝ այս պահին զբաղվում եմ այն գործով, որով զբաղվում եմ»։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցի փակման և այն Հերհերի միջնակարգ դպրոցին միացնելու որոշմանը (հիշեցնենք, որ ըստ կառավարության հիմնավորման՝ պատճառը աշակերտների թիվն է. դպրոցը նախատեսված է 190 աշակերտի համար, մինչդեռ այժմ այնտեղ սովորում է ընդամենը 2 աշակերտ, դպրոցի աշխատակիցների ընդհանուր թիվն էլ 18 է):
«Դպրոցի անունը կար, բովանդակությունը չկար։ Այդ երկու երեխայի կրթության իրավունքի ապահովումն է առաջին հերթին, որ մեր օրվա խնդիրն է։ Մենք երկու երեխայի համար ապահովում ենք կրթության պատշաճ պայմաններ։
Այս պահին էլ կառուցում ենք և մինչև մյուս տարվա վերջ ունենալու ենք ավելի քան 300 դպրոցներ»,- ասաց նախարարը։
Հարցին՝ ինքն աջակցո՞ւմ է վարչապետի՝ հակակթողիկոսական արշավին, Անդրեասյանը պատասխանեց՝ ինքը կառավարության անդամ է և կիսում է կառավարության վարած քաղաքականությունը։
Իսկ կարծո՞ւմ է, որ Գարեգին Բ-ն պետք է հեռանա, հետաքրքրվեցին լրագրողները։
«Իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ես գտնում եմ, որ մեր եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ։ Շատ կարևորում եմ, որ հwգևոր կյանքն առաջին հերթին լինի հոգևորի մասին։ Չեմ կարծում, որ այս պահին տեղի ունեցողը կապ ունի հոգևորի հետ։ Դա ինձ խոր ցավ է պատճառում, և հույս ունեմ, որ այս իրավիճակն արագ կհանգուցալուծվի, և կարծում եմ՝ հոգևոր կյանքի նորոգման գործընթացն առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ Փաշինյանի նախանշած հոգևոր հավաքը կազմակերպվի, ինքը կմտածի՝ մասնակցե՞լ դրան, թե ոչ։




