Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Շաքիի ջրվեժում գենդեր-փարթի կազմակերպելու համար նախատեսված է տուգանք՝ աշխատավարձի ութսունապատիկի չափով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեր փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ. տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեռի մասին հայտնող միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։ ՇՄՆ-ի փոխանցմամբ՝ խախտվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն։

Տվյալ դեպքի համար տուգանքը սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի Հոդված 94-ի համաձայն՝

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելը

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանական ռեժիմը և արգելոցների, արգելավայրերի, անտառագոտիների, ազգային և բնական զբոսայգիների ներքին կարգի կանոնները խախտելը, կամ էլ բնության պահպանվող օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև արգելոցներում և հատուկ պահպանվող մյուս տերիտորիաներում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելը`

✔️Առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով: