Պատմահայր Հերոդոտոսը հետաքրքիր մի պատմություն է հաղորդում կաշառակեր դատավորի մասին: Պարսիկ արքա Կամբյուսեսը, կաշառքի դիմաց անարդար վճիռ կայացնելու համար հրամայում է մաշկազերծ անել այդ վճիռը կայացրած դատավորին և վերջինիս կաշվից նստարան պատրաստել, որի վրա պետք է նստեր մահապատժի ենթարկված դատավորի որդին` հաջորդելով հորը այդ նույն պաշտոնում:
Սա շատ հետաքրքիր, նույնիսկ կիրառելի մոտեցում կարելի է լինել ՀՀ արդարադատության համակարգի համար: Կաշառակեր դատավորների պակաս չունենք, ունենք և´ տղամարդ, և´ կին դատավորներ, որոնց շատ պայմանականորեն կարելի է դատավորներ անվանել: Ես կարծում եմ, որ դեռևս անհասկանալի հիմքերով աշխատող հայ տղամարդ դատավորների կաշվից կարել էր ստանալ լավ կազմարարական նյութ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ կոչվող ՀՀ օրենքներով հատորները կազմելու համար, իսկ կաշառակեր կին դատավորների նուրբ կաշվից կարելի է կազմել ՀՀ օրենքների մայր օրինակները` որպես գեղագիտական նմուշներ:
Վերջին երեք տարիների ընթացքում մի քանի քաղաքացիական գործերով մասնակցել եմ բազմաթիվ դատական նիստերի ու իսկական սարսափ եմ ապրում մեր ապագայի համար` միմիայն այսպես կոչված արդարադատության համակարգի կտրվածքով: Կաշառակերության ու անօրինականության երկու սյուների վրա կանգնած այս համակարգը գնալով մեծ շանսեր ունի դինաստիականի վերածվելու. հայրեր ու որդիներ, աներներ ու փեսաներ, հարսներ ու բաջանաղներ ճոխ բաշխմամբ: Հենց այս համակարգը դարձավ հայկական պետականության գերեզմանափորը:
Ասել եմ ու մեկ անգամ էլ կկրկնեմ. եթե հայ դատավորին զանգովի արդարադատության ընդունված ձևերով հրահանգվի արդարացման վճիռ կայացնել Ռամիլ Սաֆարովի համար, ապա նրանք դա այնպիսի ջանասիրաբար կանեն, որ նույնիսկ ՀՀ պետբյուջեից հոգեբանական ու բարոյական վնասի գանձման հիմնավորումներ էլ կգտնեն հօգուտ հանցագործի:
Այսօր տեղեկացա, որ վերջապես վերաբացվում է երևանյան կրկեսը: Հենց այսօր էլ տեղեկացա, որ ՀՀ արտգործանախարար դեռ Արարատ Միրզոյանն ու Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը որոշել են ինձ դատի տալ ու… ֆինանսական հատուցում են պահանջում: Ենթադրաբար VEGA-ից նոր ապրանք են վարկով վերցրել ու չեն կարողանում մարել:
Ամեն դեպքում շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
Վերջին անգամ դիվանագետների հետ դատական դահլիճում առճակատվել եմ Բուդապեշտում: Այնտեղ հայկական կողմի դեմ աշխատում էին ադրբեջանցի ու թուրք դիվանագետները, որոնք պարտություն կրեցին, իսկ մենք հաղթեցինք: Հաղթեցինք որովհետև հունգար դատավոր Անդրեաս Վաշկուտին արդարադատություն սիրող մարդ էր, այլ ոչ թե կանաչ դոլարով ու կաշառքով ճակատագրեր խեղող ու պետության հիմքի տակ ական դնող ստահակ:
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
Արդյո՞ք տակավին չեք գիտակցել, որ ձեր գիտելիքները, կարողություններն ու պրոֆեսիոնալ հմտությունները որպես իրավաբանների ու օրենքի պաշտպանների ի չիք են դարձել ու լիովին զրոյացվել են հենց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց ծանրագույն հանցագործության` արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության մեջ Ալիևի հետ հանցակցության մասին:
Փորձեք հարց տալ, թե ո՞վ եք դուք դրանից հետո և ի՞նչ իմաստ ունի ձեր քննություններն ու վճիռները, երբ դուք ենթարկվում եք ցեղասպանություն իրագործող գործիքին:
Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, հրապարակախոս