Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Սրբազան Հայր, Դուք այսօր ավելի ազատ եք, քան ձեզ դատողը

Միքայել Սրբազանի փոխարեն կարող էր լինել առնվազ կես միլիոն ՀՀ քաղաքացի՝ ինձանից սկսած: Այդ կես միլիոնից յուրաքանչյուրը սիստեմատիկ կամ երբևէ տարբեր ձևերով և տարբեր տեղերում արտահայտել են մտքեր, պնդումներ, լուծումներ, որոնք ըստ իրենց՝ կկասեցնեին իրենց երկիրը, իրենց զավակներին, իրենց տուն ու տեղը, կերպն ու արժեքները միտումնավոր, դավաճանորեն և թշնամաբար կործանողներին:

Խնդիրը նրանում է, որ այս ռեժիմի այլևս միակ կառավարման գործիքը դարձել է վախի տարածումն ու դրանով հանրային բունտի զսպումը:

Միքայել Սրբազանի գործի միակ ցուցադրական ֆունկցիան այդ վախի և վախով զսպման տարածումն է: Դա լավագույնս աշխատում է մարզերում: Խոսեք սովորական մարդկանց հետ մարզերում, և նրանք այս ամենի հետ համաձայն չլինելով՝ ձեզ հողի վրա կկանգնեցնեն տարբեր տեղական չինովնիկների, ոստիկանության օպերների, քննչականի պետերի և այլ բյուրոկրատական կերպարների զսպման գործողությունների մասին պատմություններով:

Սա արվում է մեկ՝ վախ տարածելու և բոլորին ապաքաղաքական դարձնելու նպատակով:

Վախն է դարձել միակ գործիքը և այդ վախի տարածման օրինակներ ունենալը: Վախի խորացման համար հաշվի չի առնվելու ո՛չ արդարությունը, ո՛չ էլ իրավաբանությունը: Սրբազանները այդ վախի տարածման օրինակներ են, որ եթե նրանք են նստած խոսքի համար, ուրեմն դուք կնստեք ու կնստեք, եթե խոսեք ու գործեք:

P.S.

Սրանց ավարտի բանալին վախի հաղթահարումն է:

Աստված օգնական, Սրբազան Հայր, Դուք դա արել եք: Դուք այսօր ավելի ազատ եք, քան ձեզ դատողը:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ