Լեգիտիմության ռազմավարությունը կարևոր է նաև բանակի բարեփոխումների համար, որովհետև 3-րդ հանրապետության պատմության ընթացքում ուժեղ բանակ հասկացությունը միշտ է առաջնորդել, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ, բայց սա էլ է այն թեմաներից, որ պետք է հարց տանք մեզ՝ իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ, ումի՞ց ուժեղ։ Ուժեղ մի՞ պայմանական հակառակորդից, երկու պայմանական հակառակորդից, երեք, թե չորս։ Իսկ ո՞րն է լինելու մեր արձագանքը, եթե պարզվի, որ մի պայմանական հակառակորդն ունի իր հետ ևս 3-4 գերուժեղ ներգրավված կողմ։ Ստացվել է, որ մեր ռազմավարությունները զրո՞ են։
Իսկ ուժեղ բանակ ասելով նկատի ունենք ուժեղ դաշնակիցների հետ միասին, թե՞ առանց նրանց։ Եթե նրանց հետ միասին՝ այստեղ էլ տասնյակ հարցեր են ծագում։ Հետևաբար այստեղ էլ հասկացությունները ճշտելու կենսական անհրաժեշտություն կա»,- ասաց Փաշինյանը։
Նա միաժամանակ հարց հնչեցրեց՝ ի՞նչ խնդիր է դնում բանակի առջև պետությունը։ «Այստեղ է մեր հաջորդ ռազմավարական վերաձևակերպումը, որը հնչում է այսպես. «Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք ու խնդիր չունի, բանակի խնդիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։
Այս լեգիտիմության ռազմավարությունը ընդամենը 2-3 տարում տվել է աներևակայելի արդյունքներ։ Օրինակ՝ նախկինում Հայաստանի համար զենքի ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին, հիմա, ըստ էության, անսահմանափակ են։ Այդ սահմանափակումները վերացել են լեգիտիմության ռազմավարության պատճառով»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն։
«Բանակը նույնիսկ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը պետք է չլինի, բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջինը։ Մենք չենք էլ նկատել, թե ինչ բեռ ենք դրել մեր զինվորի ուսերին»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով, եթե մենք ուզում ենք բանակը մեզ պաշտպանի, մենք պետք է պաշտպանենք բանակին, եթե մենք ուզում ենք՝ զինվորը մեզ պաշտպանի, մենք պետք է առաջինը պաշտպանենք զինվորին։








