Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար այսօր փոխեց փաստաբանական ընկերությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այսօրվա որոշմամբ կառավարությունը «Arnold & Porter» ընկերությունը փոխարինեց «Folеy Hoag LLP» իրավաբանական–փաստաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությամբ։

Կառավարությունն իր ընտրությունը պայմանավորել է նրանով, որ «Folеy Hoag LLP» ընկերության ներկայացված առաջարկը որակապես չի զիջում «Arnold & Porter» ընկերության ներկայացրած առաջարկին։

Գործադիր մարմնից նաև նշել են, որ «Folеy Hoag LLP» ընկերությունը ՀՀ շահերի պաշտպանության նպատակով ներգրավված է մի շարք այլ միջազգային իրավական գործընթացներում և հանդիսանում է վստահելի գործընկեր։

«Բացի այդ, ստեղծված իրավիճակում «Folеy Hoag LLP» ընկերությունը համաձայնել է ծառայությունները մատուցել նույն արժեքով, ինչ «Arnold & Porter»–ը։ Նախորդ անգամ «Folеy Hoag LLP»–ը չէր ընտրվել, քանի որ առավել բարձր գնառաջարկ էր ներկայացրել»,– նշել են կառավարությունից։

Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով այն, որ «Folеy Hoag LLP» ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան նրա հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար ևս, որոշման գործողությունը նախատեսվում է տարածել 2025 թ–ի օգոստոսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Ավելի վաղ` օգոստոսի 21–ի նիստի ժամանակ, ՀՀ կառավարությունը որոշել էր այս գործով 3.250.000 ԱՄՆ դոլար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու նպատակով։

Infoport.am