«Ահաբեկչության» գործով անցնող Բագրատ Սրբազանի և մյուս 17 անձանց նկատմամբ դատավոր Կարեն Ֆարխոյանը կայացրեց խափանման միջոց կալանքը չփոխելու որոշում, ավելին՝ կալանքը երկարացվեց 3 ամսով։ Միայն Արա Ռոստոմյանի դեպքում դատարանը «մեղմ» գտնվեց՝ բանտարկությունը փոխարինելով տնային կալանքով։ Արա Ռոստոմյանին թույլատրվեց շաբաթը 2 անգամ պատկան մարմինների վերահսկողության ներքո այցելել Եռաբլուր՝ զոհված որդու շիրմին։
Նշենք, որ այս գործով փաստաբանական խումբը նիստի հենց սկզբից հայտարարեց, որ բոյկոտում է, չի մասնակցելու դատավարությանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին, երբ քննարկվում էր խափանման միջոցի հարցը, դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարացնել 3 ամսով։ Դրանից հետո Բագրատ Սրբազանը կոչ արեց փաստաբաններին այլևս ջանք չգործադրել՝ իրենց պաշտպանությունն իրականացնելու համար՝ դատարանի հետ մասնագիտական հարաբերությունները համարելով անիմաստ։
Փաստաբանները, բոյկոտելով դատական նիստը, ցույց են տալիս, որ չեն վստահում դատարանին, պնդում են, որ այն իրականացնում է ապօրինի որոշումներ։
Լսելով դատավորի հայտարարությունը՝ իր կալանքը երկարացվում է 3 ամսով, Բագրատ Սրբազանը դատավորին շնորհակալություն հայտնեց այդ որոշման համար ու հայտարարեց. «Ինձ ու մեզ ոչ գնդակահարությունը, ոչ կալանքը չեն վախեցնի։ Ես շնորհակալ եմ, որ կալանքս երկարացրիք 3 ամսով։ Երեկ այս նույն դատարանում Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը նույնպես երկարացրիք, եթե իմ նկատմամբ այլ որոշում կայացնեիք, դա ինձ համար կլիներ գետինը մտնելու չափ ամոթալի»։
Մանրամասները՝ տեսանյութում