Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով:
Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները: QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:
Հաշվի առնելով տեխնոլոգիական և էկոլոգիական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը դուրս եկավ շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով.
Տրանսպորտային քարտ, Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից), Բջջային հավելված:
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից, Telcell սպասարկման կետերից, Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:
Սա հերթական քայլն է դեպի հարմարավետ, էկոլոգիապես պատասխանատու և ժամանակակից քաղաքային տրանսպորտ:





