ԵՐԵՎԱՆ-ՆՈՐՈՒՈԼՔ, Քոնեքթիքութ, ԱՄՆ – Ջոել Է. Մարթինը միջազգային ճանաչում ունեցող մրցանակակիր դասական եւ ջազ դաշնակահար, արտադրիչ, երգահան եւ գործիքավորող է: Ուսանել է Հարթի երաժշտական դպրոցում եւ Նյու Յորքի Փերչեյսի պետական համալսարանում: 17 տարեկանում դարձել է ամենաերիտասարդ եւ առաջին աֆրոամերիկացի դաշնակահարը, որը մասնակցել է 1985 թ. դասական դաշնամուրի օլիմպիադային՝ Վան Քլայբերն միջազգային դաշնամուրային մրցույթին: 1995 թ. ստեղծել է իր գրանցված «Ջազիքալ» (ջազային, խաղարկվում է «մյուզիքալ» բառի հետ) ապրանքանիշը: 2016-ին, «Ջազիքալի» ոգեշնչմամբ ստեղծել է «Սոնիքալս» դաշնամուրային դուետը Ջորջ Լոպեսի հետ: 2017-ին «Գրեմիի» բազմակի դափնեկիր թավջութակահար Յուջին Ֆրիզենի հետ ստեղծել է «Ֆրիզեն եւ Մարթին» դուետը՝ կատարելով հեղինակային եւ իմպրովիզացիոն ստեղծագործություններ՝ ներշնչված փոփ, ջազ, ռոք եւ համաշխարհային ժողովրդական երաժշտությունից: 2019-ին Ջոելը ներկայացրել է իր առաջին օպերայի՝ «Հիփոպերայի» համերգային ընթերցումը: Համագործակցել է եւ ստեղծել է երաժշտություն «Գրեմի» մրցանակակիրների համար (Ալան Մենքեն, «Բլեք այդ փիզ», Բրուքլինի երիտասարդական երգչախումբ եւ այլն):
Բոլոր այս ձեռքբերումներից առավել, նրա ամենամեծ նվաճումը դարձել է երկու «Ջազիքալ Կոմիտաս» ալբոմների ստեղծումը՝ նվիրված Կոմիտասին եւ Հայաստանի մշակութային ժառանգությանը՝ ջազի եւ դասական երաժշտության լեզվով: Առաջին անգամ ներկայացվել է 2019 թ. դեկտեմբերին Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում, հետագայում՝ Երեւանում, Նյու Յորքում, Ռալիում (Հյուսիսային Կարոլինա), Սան Ֆրանցիսկոյում եւ Լոս Անջելեսում: 2025-2026 թթ. ծրագրված է համաշխարհային շրջագայություն եւ վավերագրական ֆիլմ «Ջազիքալ Կոմիտասի» շրջանակում:
Ջոելի խոսքերով՝ «Ես ամբողջ սրտով հավատում եմ Կոմիտասի երաժշտությանը: Եթե ես՝ որպես ոչ հայ եւ Հայաստանի հետ որեւէ կապ չունեցող մեկը, կարող եմ հմայվել եւ ներքնապես փոխվել Կոմիտասի երաժշտության եւ հայկական փորձառության շնորհիվ, ուրեմն կան միլիոնավոր մարդիկ, որոնք եւս պետք է ծանոթանան Հայաստանի եզակի երաժշտությանը, արվեստին ու մշակույթին»:
–Սիրելի՛ Ջոել, ձեր «Ջազիքալ Կոմիտաս» համերգն անցյալ հունիսի 14-ին, Երեւանում, մեծ էներգիա հաղորդեց հանդիսատեսին: Կարծում եմ՝ նույնիսկ այն մարդիկ, որոնք նախապես թերահավատորեն էին մոտենում Կոմիտասի ջազային մեկնաբանության հանդեպ, դահլիճից տպավորված դուրս եկան: Իսկ դուք բավարարված մնացի՞ք:
-Այո՛, ես շատ գոհ եմ՝ մի շարք պատճառներով: Տեսնել, թե ինչպես է կյանքի կոչվում իմ տեսլականը՝ հայ ժողովրդական երաժշտության ու Կոմիտասի, Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի կերպարների վերհանումն «Արդեան» մշակութային կենտրոնի բացառիկ բեմադրության մեջ. եզակի փորձառություն էր մտքի, սրտի եւ հոգու համար: Շուտով ողջ աշխարհի համար այս համերգների միջոցով շոշափելի կդառնա վաղուց իմ սիրելին դարձած Հայաստանը:
– Թեեւ համերգը վերնագրված էր «Ջազիքալ Կոմիտաս», դուք կատարեցիք նաեւ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մասնագիտական տեսանկյունից՝ ի՞նչն է հայ երաժշտությունը դարձնում այդքան հարմար ջազային մեկնաբանության համար:
-Ճիշտն ասած, ես երբեք չեմ մոտենում երաժշտությանը որպես «ջազային» կամ «դասական» առանձին ժանրերի: Այո՛, դասականն իմ նվագի հիմքն է, իսկ ջազը՝ այդ հիմքի ստեղծագործական ընդլայնումը, բայց ինձ համար ամեն ինչ սկսվում է երգից, մեղեդուց ու այն ամենից, ինչն աջակցում է նրան: Իմ ուղին երաժշտական որոնումների ուղի է՝ հոգեւոր, երաժշտական, գեղարվեստական ու գեղագիտական ինքնաճանաչման ճանապարհ: Այստեղ իշխում է ՄԻԱՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ դասականի, ջազի, ֆանկի, փոփի, ռիթմ եւ բլյուզի, թատերական երաժշտության նվաճումները: Իսկ ես ցանկանում եմ այդ ողջ փորձառությունը ներդնել հայ երաժշտության մեջ: «Ջազիքալ Կոմիտաս» նախագծում ես սկսում եմ հենց մեղեդուց: Ապա ուսումնասիրում եմ երգի հիմքերը՝ հարմոնիաները, ռիթմերը, մեդեդու ալիքները, որից հետո մտածում եմ՝ ինչպե՞ս կարելի է դրանք հարստացնել: Ինչ էլ որ հասանելի լինի երաժշտության մեջ, եթե դա ծառայում է երգին, ես փորձում եմ ներառել: Միաժամանակ մշտապես մտածում եմ ձեւի, կառուցվածքի, երաժշտության միջոցով պատմություն ներկայացնելու մասին, այնպես որ դասականն ու ջազը միաձուլվում են մեկ ամբողջական փորձառության մեջ:

– Դուք եղել եք Հայաստանում 12 անգամ եւ ձեզ անվանում եք ABC – Armenian by Choice («հայ՝ ըստ ընտրության»): Եվ ինչո՞ւ Հայաստանը:
-Եթե ինձ հինգ տարի առաջ ասեին, որ Հայաստանը կդառնա իմ կյանքի առանցքներից մեկը, հավանաբար կասեի՝ «Անհնա՛ր է»: Դա պատահականություն էր… կամ Աստծո միջամտությունը: Նյու Յորքում ես հանդիպեցի գործարար Էմմա Առաքելյանին: Քուինզում կայացած մի երեկույթի ժամանակ նա ինձ պատմեց Կոմիտաս անունով մարդու եւ Հայաստան անունով երկրի մասին Ես լսեցի այդ անունները, բայց չխորացա, եւ նույն երեկո վերադարձա իմ սովորական կյանքին՝ ձայնագրություններին ու գրելուն: Սակայն վեց ամիս անց Կոմիտաս անունը դեռ գլխումս էր, ուստիեւ որոշեցի վերջապես լսել նրա երաժշտությունը՝ որպեսզի եզրակացության գամ մի բանի մասին, ինչից լիովին անտեղյակ էի: Մտածում էի՝ կլսեմ ընդամենը 15 րոպե, բայց իմ «կարճ» լսման սեանսը տեւեց երկու ժամ: Կանչեցի դուստրերիս ու ասացի. «Հիմա էլ դո՛ւք պիտի լսեք»: Կրտսեր դուստրս ասաց. «Հայրի՛կ, ինձ թվում է՝ նոր ձայնասկավառակի նախագիծ է սկսվում»: Նա ճիշտ էր: Ես երբեք չէի լսել նման բան: Եվ սկսեցի այդ երաժշտությունը մշակել «Ջազիքալ Կոմիտասի» զգայունությամբ զգացականությամբ:
Երբ ստեղծել էի առաջին ձայնասկավառակիս հիմնական հենքը, բախվեցի հիմնարար մի խնդիրի՝ իրականում կապ չունեի Հայաստանի հետ, երբեք չէի եղել Հայաստանում: Զանգեցի Էմմային ու ասացի՝ չեմ կարող ավարտել ձայնագրությունը, մինչեւ չկանգնեմ հայկական հողին: Նա առաջարկեց, որ գամ մասնակցելու Երեւանում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Այդ շաբաթը փոխեց իմ կյանքը: Երբ ոտք դրեցի Երեւան, ասացի՝ «Ես տա՛նն եմ»:
–Կոմիտասի երաժշտությունը հաճախ նկարագրում են որպես կախարդական, եւ որոշ պատմություններ կարծես հաստատում են դա: Մեկ այլ ամերիկացի՝ քարոզիչ Ջոել Թենին, պատմել է, որ ծանր ավտովթարից ողջ մնալուց հետո, երբեք դաշնամուր նվագած չլինելով, հանկարծ սկսել է նվագել Կոմիտաս: Սա միգուցե պարզապես բժշկող երաժշտություն չէ, այլ շատ ավելին…
-Ես չէի լսել պարոն Թենիի պատմությունը, բայց ունեմ իմ սեփական փորձառությունը: Այո՛, ես հավատում եմ հայ երաժշտության, Կոմիտասի երաժշտության բուժիչ ուժին: Ես դա զգացել եմ անձամբ: Երկու տարի առաջ ինձ ախտորոշեցին փայծաղային լիմֆոմա՝ քաղցկեղ: Մեկուկես տարի տեւող քիմիաթերապիայի ընթացքում ես լսում էի Կոմիտասի երաժշտությունն ու ստեղծում իմ երկրորդ ձայնասկավառակը՝ «Ջազիքալ Կոմիտաս՝ ներքին բուժում» վերնագրով: Այն մեծապես նպաստեց իմ ապաքինմանը: Բայց դրանից անդին, Կոմիտասն ու հայ ժողովրդական երաժշտությունն ինձ ուղղակի ԼԱՎ զգալու հնարավորություն էին տալիս: Նույնիսկ ցավագին մեղեդիները ներքին դրականություն ունեն, քանի որ այդ երաժշտության մեջ էությամբ գեղեցիկ ինչ-որ բան կա: Եթե մարդ ճանաչի որոշ երգերի պատմությունը, միայն կմտածի՝ այս ամենը որքա՜ն մաքուր, պարզ եւ հուզիչ է…
–Համերգի ընթացքում ասացիք, որ կցանկանայիք, որ ձեր երեխաներն ապրեին Հայաստանում: Կմանրամասնե՞ք:
-Այո՛: Ես կուզեի, որ Ամերիկայում մենք ավելի շատ գնահատեինք արվեստի դերը մեր հանրության, մեր քաղաքների ու համայնքների կյանքում: Ինձ խորապես տպավորեց, թե որքա՜ն կարեւորություն է տրվում Հայաստանում կրթությանը եւ արվեստին, հատկապես երիտասարդության շրջանում: Այս ուշադրությունը սկսվում է դեռ մոր արգանդից, երբ դեռ չծնված երեխային երգ-երաժշտություն են լսել տալիս: Երբ երեխաները մեծանում են, նրանց տանում են Կոմիտասի թանգարան՝ իրենց արվեստի ու մշակույթի մասին ուսուցանելու: Եվ այդ մշակույթն ուղեկցում է նրանց մինչեւ մեծահասակ դառնալը: Իսկ արդեն մեծացած՝ նրանք իրենց հերթին շարունակում են արժեւորել Հայաստանը: Այստեղ՝ Ամերիկայում, արվեստը նույն կերպ չի արժեւորվում, ինչը խոչընդոտում է ներդաշնակ անհատների ձեւավորմանը: Համերգից մի քանի օր անց այցելեցի «Թումո» կենտրոն ու ապշեցի՝ տեսնելով, որ 20,000 պատանի՝ հայ եւ ոչ հայ, մասնակցում են ամենաբարձր մակարդակի թվային տեխնոլոգիաների եւ ուսումնական ծրագրերի՝ իրենց երեւակայությունն ու ստեղծագործ միտքը զարգացնելու համար: Կուզեի, որ Ամերիկայում էլ այսպիսի կենտրոններ լինեին: Հնարավոր է՝ եթե իմ դուստրերն ունենային այդ փորձառությունը, նրանք է՛լ ավելի հաջողակ կլինեին կյանքում (բայց արդեն իսկ բավականին լավ են՝ իմ համեստ կարծիքով):
–Դուք նաեւ համեմատություն անցկացրիք սեւամորթների եւ հայերի պատմությունների միջեւ: Դա հիշեցրեց ինձ ամերիկահայ գրող Հռիփսիմե Այվիսընի հոդվածն Ալեքս Հեյլիի՝ սեւամորթների վերաբերյալ «Արմատներ» գրքի մասին: Նա նշել է, որ եթե սեւամորթների դեմ ամենածանր հանցագործությունները տեղի են ունեցել 17-18-րդ դարերում, ապա հայերի դեմ՝ «լուսավորյալ» արդեն 20-րդ դարում: Կցանկանայի՞ք մեկնաբանել:
-Ես համերգի ժամանակ ասացի՝ «Սեւամորթներն ու հայերը շատ ընդհանրություններ ունեն, եթե միայն կարողանանք հաղթահարել լեզվական պատնեշը»: Երկու ժողովուրդներն էլ անցել են անասելի սարսափների միջով, որոնց որոշ դրսեւորումներ շարունակվում են նույնիսկ այսօր: Բայց ես չեմ կարծում, որ այդ ցավն ու տառապանքը պետք է սահմանեն, թե ովքե՛ր են նրանք այսօր: Դա նրանց փորձառության մի մասն է, բայց ո՛չ ամբողջը: Մինչեւ ստրկությունը եւ մինչեւ Հայոց ցեղասպանությունն այդ ժողովուրդներն արդեն իսկ ուժեղ էին՝ իրենց արժեքներով ու ինքնության հստակ գիտակցումով: Այս ոճրագործությունները ոչ թե չեղարկեցին այդ ուժը, այլ ընդհակառակը՝ ապացուցեցին այն: Հայերն ու ամերիկյան սեւամորթները գոյատեւել են իրենց ուժի, մշակույթի, հավատքի եւ այլ շատ բաների շնորհիվ: Եթե լուսանցքում հայտնված համայնքները միանան մարդկային մակարդակում, մենք շատ ավելին կարող ենք անել աշխարհը լավը դարձնելու համար: Գիտեմ, այս խոսքերը կարող են հնչել մի քիչ սենտիմենտալ, ոմանք կարող են համարել միամիտ, բայց եթե խորությամբ ընկալենք այս միտքը, կտեսնենք՝ մենք շատ ընդհանրություններ ունենք, եւ դրանց վրա պիտի կառուցենք հասարակության վրա թողնելիք ազդեցությունը: Դա չենք կարող անել միայնակ: Պետք է աշխարհին ցույց տանք, որ հնարավոր է միասին հասնել դրան: Ես ինձ շատ մոտ եմ զգում հայերին՝ նրանք բարեհամբույր են, խելացի, հարգալից, ձգտում են լինել լավ հարեւան, ուժեղ ու տոկուն: Եվ ուզում եմ, որ հայերը ճանաչեն իմ աշխարհը նույնքան, որքան ուզում եմ, որ աշխարհը ճանաչի Հայաստանը: Դա փոխադարձ է:
–Ի՞նչն եք սիրում Հայաստանում՝ երաժշտությունից բացի:
-Հայաստանում ես սիրում եմ ամեն ինչ: Ժողովրդին, մշակույթը, հավատքը, երաժշտությանը, կովկասյան ազդեցությունները: Բնությունը, հին աշխարհի ընտանիքի արժեհամակարգը՝ նոր կապիտալիստական աշխարհի պահանջներին հարմարվելու փորձերով հանդերձ: Ես չեմ ասում, թե Հայաստանում խնդիրներ չկան: Բոլո՛ր երկրներն ունեն: Բայց լավը տաս անգամ գերազանցում է բացասականին: Ես հայ չեմ արյունով, բայց խորապես կապված եմ Հայաստանի հետ: Իմ առաքելությունն է՝ Հայաստանի մասին իմ իմացածը տարածել աշխարհով մեկ: Շատ բան կա սովորելու, սիրելու ու գնահատելու Հայաստանում: Եվ հիշե՛ք՝ եթե կա ինձ նման մեկը, որի սրտին խորապես դիպել է Հայաստանը, միլիոնավոր այլ մարդիկ եւս պետք է ճանաչեն ու տեսնեն այս հրաշալի երկիրը: Իսկ ինչպե՞ս հասնել այդ մեծ նպատակին: Ամենքս մեր ձեւով՝ երաժշտությամբ, բարի գործերի ու քրտնաջան աշխատանքի միջոցով: Մինչեւ ձեւավորվի ընդհանուր դրական մտածողություն…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ