Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Մի շարք երկրներ ողջունել են Պաղեստինի Պետությունը ճանաչելու Ֆրանսիայի որոշումը

Պաղեստինի ինքնավարությունը, Իսպանիան, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Քաթարը և մի շարք այլ երկրներ ու կառույցներ ողջունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստինի Պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին հայտարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն աշ-Շեյխը նշել է, որ այս դիրքորոշումը «ներկայացնում է Ֆրանսիայի հանձնառությունը միջազգային իրավունքին և նրա աջակցությունը պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման և անկախ պետության ստեղծման իրավունքներին»։

Նշենք, որ ավելի վաղ Իսրայելը և ԱՄՆ-ն դատապարտել էին Ֆրանսիայի որոշումը Պաղեստինը ճանաչելու վերաբերյալ։

Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը։

Ներկայում Պաղեստինի Պետությունը ճանաչված է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից ավելի քան 140-ի կողմից։ Դրանց թվում են Եվրամիության մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիան և Իռլանդիան։ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը 2024 թ. հունիսին։