Սամվել Կարապետյանը չի ասել՝ էլեկտրաէներգիայի սակագինը չի իջնելու. Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ չի չի բարձրանալու, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Ես չեմ ուզում պարոն Կարապետյանի կարողությունը այս պահին կոնկրետ թվով ասել, բայց այսպես կասեմ. համարյա պետության բյուջեի չափ օրինական ֆինանսական միջոցներ ունեցող մարդուն ասում են՝ դու ինչպե՞ս կարող ես երաշխավորել, որ կբարձրանա թե ոչ։ Գոնե 10 տարի սակագինը չի բարձրացել, չէ՞։ Եվս մեկ անգամ իմ ասածը հաստատվեց. նորից չկարողացավ ֆիքսել, որ գոնե երկու տարի չի բարձրանա»,-ասաց նա։
Հարցին՝ այսինքն ՀԷՑ-ը վնասո՞վ է աշխատում, Դավիթ Ղազինյանը պատասխանեց. «Վնասով չի աշխատում։ Ես ասում եմ, որ ժամանակ առ ժամանակ, այո, պետք է եղել անձնական ֆինանսական միջոցներ ներդնել»։
Հարցին՝ միայն իրեն ազատելու խնդիր է դրվա՞ծ, թե այլ աշխատակիցներ էլ կան, Դավիթ Ղազինյանը պատասխանեց՝ թող ինքնագովեստ չստացվի, բայց ինքն այս սցենարը ի սկզբանե նախատեսում էր։
«Չեմ ուզում իմ կոլեգաներին թերագնահատեմ, բայց կարծում եմ, որ փորձ է արվում կոտրել ինչ-որ դիմադրություն, որ տեսեք՝ Ղազինյանին բեսպրեդելով ազատեցինք, ձեզ ինչ կանենք, ոնց կանենք։ Ես հիմա կոչ եմ անում մեր 6800 աշխատակիցներին, որոնցից, հավատացած եղեք, մեծ մասին ճանաչում եմ անձամբ, կոչ եմ անում մնալ, աշխատել մեր ձևով, ի բարօրություն մեր ժողովրդի։ Հիմա եկողները, որ ասում են՝ հանուն Հայաստանի Հանրապետության, վերջին տարիներին տեսել ենք հանուն Հայաստանի Հանրապետության ի՞նչ է նշանակում իրենց կողմից»։
Հարցին՝ կլինի՞ հանդիպում Ռոմանոս Պետրոսյանի և ՀԷՑ–ի տնօրենների խորհրի նախագահ Նարեկ Կարապետյանի միջև, Դավիթ Ղազինյանը պատասխանեց. «Ենթադրվում է, որ պետք է լինի հանդիպում բայց ես չեմ կարող դրան պատասխանել»։
Ինչ վերաբերում է իշխանության պնդումներին, թե ՀԷՑ-ի աշխատողներին սաբոտաժի կոչեր են արվել, Դավիթ Ղազինյանն ասաց. «Ես ասել եմ սաբոտաժ չկա, իրավապահ մարմինները իրենցն են, թող ապացուցեն, առանց հիմքի նման հայտարարություն անելը անբարոյականություն է։
Այսինքն՝ մեղադրել 6800 հոգանոց կոլեկտիվին սաբոտաժի մեջ, իմ կարծիքով, առանց ապացույցի դա անբարոյականություն է»։





