Ջուլանիի այցը Բաքու եւ դրա կապը միջանցքի նախագծի հետ
Ամերիկյան Quincy Institute for Responsible Statecraft ուղեղային կենտրոնը կարծում է, որ եթե «Զանգեզուրյան» միջանցքի արտապատվիրակման սցենարը իրականություն դառնա, Ադրբեջանը կարող է աշխարհաքաղաքական խորը անկայունության շրջանում վերածվել էներգետիկ գերտերության՝ վերահսկելով նավթի եւ գազի արտահանումը Եվրոպա: Սա, Թուրքիայից բացի, կհամապատասխանի նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերին՝ առաջարկելով հենց այս համատեքստում դիտարկել Աբու Դաբիում անցկացված Փաշինյան-Ալիեւ բանակցությունները:
Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի օրերին լուրեր էին պտտվում, որ իսրայելական կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր հարձակվում էին Իրանի վրա՝ մուտք գործելով նաեւ Ադրբեջանի հյուսիսային սահմաններից:
Պաշտոնական Բաքուն մի քանի անգամ առիթ է ունեցել հերքելու այդ լուրերը՝ հավաստիացնելով, որ Ադրբեջանը հարգալից վերաբերմունք ունի Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների նկատմամբ: Նույնիսկ Ստեփանակերտում վերջերս անցկացված ՏՀԿ գագաթնաժողովի ժամանակ նախագահ Ալիեւն անձամբ է հավաստիացրել ԻԻՀ նախագահ Փեզեշքիանին, որ Ադրբեջանի տարածքը Իրանին հարվածելու նպատակով Իսրայելին տրամադրելու մասին լուրերը մտացածին են:
Սակայն ամերիկյան ուղեղային կենտրոնը՝ անդրադառնալով Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին եւ «Զանգեզուրյան» միջանցքի համատեքստում 44-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելի՝ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ աջակցությանը, համոզմունք է հայտնել, որ փոխադարձաբար Բաքուն 12-օրյա պատերազմի մեկնարկին Իսրայելին հնարավորություն է տվել իր տարածքից իրականացնել անօդաչու հարվածների զգալի մասը՝ Իրանի հրթիռային պաշտպանության եւ հակաօդային համակարգերի դեմ: Չի բացառվում, որ Իսրայելը Իրանի դեմ շարունակաբար օգտագործում է Ադրբեջանի տարածքը՝ անօդաչու եւ լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով:
Ամերիկյան ուղեղային կենտրոնը եզրակացնում է, որ իրականում այս հակամարտության խորքում թաքնված է Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրյան» միջանցքի աշխարհագրական վերահսկողության համար մղվող պայքարը: Ըստ վերլուծականի՝ այս ուղին հանդիսանում է աշխարհագրական օղակ, որն Ատլանտյան օվկիանոսը կապում է Խաղաղ օվկիանոսի հետ: Եվ եթե Ադրբեջանը կարողանա լիովին վերահսկողություն սահմանել այս տարածքի նկատմամբ, դա փաստացիորեն կհամապատասխանի ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերին եւ կարող է թուլացնել Ռուսաստանի եւ Իրանի դիրքերը տարածաշրջանում:
Հետեւաբար, եթե Ադրբեջանը կարողանա ամբողջությամբ զարգացնել այս միջանցքը, ապա հնարավորություն կունենա կառուցել ուղիղ գազատար՝ իր գազի պաշարները տեղափոխելու դեպի Թուրքիա, եւ այլեւս չի վճարի գազի տարանցման համար, ինչի արդյունքում Իրանը լիովին դուրս կմնա այս շղթայից եւ, արեւմտյան պատժամիջոցների ճնշման պայմաններում, կզրկվի կարեւոր եւ ռազմավարական եկամտի աղբյուրից:
Ամերիկյան կենտրոնը առաջարկում է հենց այս համատեքստում դիտարկել Աբու Դաբիում անցկացված Փաշինյան-Ալիեւ բանակցությունները, որոնք, թեեւ պաշտոնապես ներկայացվում են որպես «պատմական եւ լարվածության մեղմացման փորձ», իրականում հանդիսանում են գերտերությունների պայքարի մի մաս՝ աշխարհաքաղաքական գերակայություն հաստատելու համար Եվրասիայի խորքերում՝ մի տարածքում, որն ավանդաբար համարվում է Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ազդեցության գոտի:
Ամերիկյան վերլուծական կենտրոնը վերջում եզրակացնում է. «Եթե այս սցենարը իրականություն դառնա, ապա Ադրբեջանը կարող է վերածվել էներգետիկ գերտերության՝ վերահսկելով նավթի եւ գազի արտահանումը Եվրոպա»:
Բնականաբար, միջանցքի արտապատվիրակումից օգտվող երկրների առաջին հորիզոնականում Թուրքիան է, որի նպատակն է ուղղակի կապ հաստատել Կենտրոնական Ասիայի հետ եւ շրջանցել Իրանը՝ դառնալով տարածաշրջանային առեւտրի եւ էներգետիկ հանգույց:
Որպես Ադրբեջանի առանցքային դաշնակից՝ Իսրայելը նույնպես միջանցքի արտապատվիրակման շահառուներից է, որի շնորհիվ Թել Ավիվը հնարավորություն կունենա հասանելիություն ստանալ դեպի Կենտրոնական Ասիա եւ Կովկաս, ինչը համապատասխանում է վերջինիս ռազմավարական շահերին:
Բացի այդ, Ադրբեջանի տարածքում Իսրայելի ներկայությունը՝ որպես հետախուզական ու ռազմական հենակետ՝ ուղղված Իրանի դեմ, եւս պատճառ է, որ Թել Ավիվը սատարի այս նախագիծը:
Վաշինգտոնն էլ աջակցում է նմանատիպ նախագծերին, այդ թվում՝ «Զանգեզուրի» միջանցքին, որպեսզի նվազեցնի տարածաշրջանի կախվածությունը Ռուսաստանից եւ Իրանից: ԱՄՆ ցանկանում է, որ նոր դերակատարներ, ինչպես Ջուլանիի կառավարությունը Սիրիայում, ներգրավվեն արեւմտյան ուղղվածություն ունեցող տնտեսական գործընթացներում:
Ջուլանիի այցը եւ դրա կապը միջանցքի նախագծի հետ
Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի այցը Բաքու ոչ միայն պայմանավորված էր գազի հարցերով, այլեւ մաս էր կազմում ավելի լայն տնտեսական եւ աշխարհաքաղաքական նախաձեռնության: Այս համատեքստում՝ Ջուլանիի վերահսկողության տակ գտնվող Սիրիան՝ Թուրքիայի եւ Քաթարի աջակցությամբ, կարող է դառնալ տարանցիկ կամ տնտեսական գործընկեր «Զանգեզուրի» նման նախագծերի համար:
Կան ենթադրություններ, որ Բաքուն ձգտում է Լաթաքիայի նավահանգիստների եւ Կովկասյան տրանսպորտային ցանցերի միջեւ ենթակառուցվածքային համագործակցության միջոցով կապ ստեղծել, որը դեռեւս նախնական քննարկման փուլում է:
Իսրայելի եւ Թուրքիայի ներկայությունն այս նախագծերում եւ նրանց պատվիրակությունների միաժամանակյա այցը Բաքու՝ Ջուլանիի այցելության ժամանակ, հուշում են, որ հավանաբար վերջնական նպատակը Կովկասը ռազմավարականորեն միացնելն է Արեւելյան Միջերկրածովյան ավազանին:
Հաշվի առնելով Թուրքիայի հետաքրքրվածությունը՝ թյուրքալեզու երկրների աշխարհաքաղաքական առանցքը զարգացնելու հարցում, Ադրբեջանի ցանկությունը՝ ստեղծել նոր տնտեսական դաշինքներ, ինչպես նաեւ Արեւմուտքի (հատկապես ԱՄՆ-ի) ձգտումը՝ նվազեցնել Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը, կարելի է ասել, որ Ջուլանին փորձում է իր անցումային կառավարությունը տեղավորել այս մեծ շրջանակում՝ որպես փոքր, բայց առանցքային գործընկեր:
Թեեւ ժամանակակից Սիրիան չունի կայունություն եւ ենթակառուցվածքներ նման նախագծերի իրագործման համար, սակայն այս երկրի հայտնվելը «Զանգեզուր-Միջերկրական» առանցքի ռազմավարական տրամաբանության մեջ կենսական է Ջուլանիի կառավարության լեգիտիմության եւ գոյատեւման համար:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ