Կիրակի, 26 Հուլիս, 2026

Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական քայլ կլինի Միջին միջանցքի համար. Էրդողան

Զանգեզուրի միջանցքը նոր  հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար.  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցից հետո։

Նա նշել է, որ Թուրքիան այս միջանցքը դիտարկում է ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական առաջընթացի մաս։

«Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական քայլ կլինի Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, Թուրքիայից ապրանքները կկարողանան ավելի արագ մատակարարվել Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան բեռները կսկսեն անցնել Թուրքիայով։ Միջին միջանցքի բացումը ընդգրկում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև Թուրքիա և Ադրբեջան։ Բացի այդ, այն ինտեգրված է Չինաստանից եկող երթուղու հետ։ Սա նախագծին տալիս է հատուկ նշանակություն։ Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը այս գործընթացում։ Այստեղ ամենակարևոր տարրը Զանգեզուրի երթուղին է։ Այս երթուղին ներառում է նաև երկաթուղային համակարգը։ Հետևաբար, Զանգեզուրի միջանցքի կարևորությունը բեռնափոխադրումների մեջ մեծանում է և էլ ավելի կաճի», – ընդգծել է նա։

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանում տիրող մթնոլորտը։