Կիրակի, 26 Հուլիս, 2026

Սամվել Կարապետյանի գործն ունի մի առանձնահատկություն՝ այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործն իրավական աբսուրդի և քաղաքական հետապնդման օրինակ է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ հետապնդման պատճառ դարձած հարցազրույցը արտացոլում էր Սամվել Կարապետյանի օբյեկտիվ մտահոգությունը եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նրա պատրաստակամությունը պաշտպանելու այն:

«Ի տարբերություն այլ աղմկահարույց գործերի՝ այս գործն ունի մի առանձնահատկություն՝ այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա, քանի որ իշխանությունը զավթելու կոչ ընդհանրապես առկա չէ: Սա իրավական աբսուրդ է», – հայտարարեց Արամ Վարդևանյանը:

Ըստ բանախոսի՝ աբսուրդի ակունքները գալիս են հունիսի 17-ից՝            Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումը՝ Սամվել Կարապետյանի հետ հաշիվները մաքրելու խոստումը:  Արամ Վարդևանյանը շեշտեց՝ նման բան տեղի չի ունեցել ոչ մի եվրոպական երկրում, մինչդեռ եվրոպական երկրների իշխանությունները նույնպես ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը:

«Սրանք քաղաքական հետապնդման ուղղակի փաստեր են», – շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ իրավիճակի տարօրինակության մասին է վկայում նաև քննիչի միջնորդագրում «նախորդ իրադարձությունների» հիշատակումը, այսինքն՝ կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը։

Վարդևանյանն ասաց, որ փաստաբանները բողոք են ներկայացրել, բայց երբ պարզվել է, որ այն մակագրվել է իշխանամետ դատավոր Արմեն Դանիելյանին, բողոքը հետ է վերցվել։ Չնայած Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է կարճել վարույթը, դատավորը ոչ միայն դա չի արել, այլև որոշման հրապարակման ամսաթիվ է նշանակել՝ հուլիսի 4-ը։

Քանի որ Դանիելյանն այժմ Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի ներկայացուցչի թեկնածու է, և նրա ընտրությունը ամբողջությամբ կախված է ՔՊ–ից, պարզվում է, որ Դանիելյանի կարիերան կախված է իշխող կուսակցությունից։