Կարճ ասած, Սամվել Կարապետյանը՝ «Տաշիր» բիզնես կայսրության հիմնադիրը, կալանավորվել է իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանքով, և այս ողջ սյուժեն կարծես թարգմանված է 13-ամյա վաղեմության վրացերենից: Նույնությամբ, մինչև իսկ ամենայն մանրամասնությամբ, ընդհուպ պարտված պատերազմը: Վրաստանում դրանից մինչև Բիձինան չորս տարուց քիչ ավելի տևեց, իսկ Հայաստանում մինչև Կարապետյանի դեմարշը՝ հինգ տարուց քիչ պակաս: Ինչպես և Իվանիշվիլին, Կարապետյանն իր բիզնեսը վարել է Ռուսաստանում, երկար ժամանակ իշխանության հետ կոռեկտ հարաբերություններ է պահպանել և նույնիսկ օգնել է նրան: Եվ ինչպես Բիձինան, սպասել է հարձակվելու պահին, և ինչպես Սաակաշվիլին, Նիկոլ Փաշինյանը դրա համար արել է այն ամենը, ինչ կարող էր:
Պարտադիր չէ, որ պատմությունը կրկնվի ֆարսով: Կրկնության խաբկանքն այն է, որ նախապես ամեն ինչ իմանալով՝ շատ հեշտ է առարկայականը անխուսափելիի տեղ ընդունել: Առարկայականն այն է, որ այդքան երկար մնալ իշխանության ղեկին, երբ երկիրը աղետի ես հասցրել, գրեթե անհնարին է: Սակայն, ինչպես Փաշինյանը ցույց տվեց, հնարավոր է՝ ամեն օրն ապրելով որպես վերջինը և այդպես օրեցօր հետաձգելով անխուսափելին։ Բայց ռեսուրսը սպառվում է իմպրովիզացիայի ձիրքով հանդերձ, մրցակիցները աստված գիտի, թե ով են, ինչ են, բայց ավելի ու ավելի են բազմանում։ Ինչպես առասպելական տիրակալ, որը ճկռել է վատ մարգարեության ծանրությունից, դու տեսնում ես դրա նշանները օդի յուրաքանչյուր տատանման և ստվերների յուրաքանչյուր խաղի մեջ, փորձում ես կանխել՝ հույս ունենալով, որ բախտդ կբերի, համարելով նրա վարկը անսահման և ձգելով պարույրը մինչև վերջ։
Փաշինյանը չի բարձրացնում խաղադրույքները, պարզապես շրջում է տախտակը. նա ձեռնոց է նետում Եկեղեցուն ինչպես հավասարը հավասարին, և դա ավելին է, քան պարտությունը, դա սխալ է։ Եթե նման պատմություններում, լինի հայկական, թե վրացական, ֆարս պատահում էլ է, ապա դա ընդդիմությունն է: Յուրաքանչյուրը փրկում է վերջինիս յուրովի։ Միշան՝ չափազանց դաժանությամբ։ Նիկոլը՝ իր խաչակրաց արշավանքով։ Անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է վերաբերվում Եկեղեցուն, այն ընդդիմության համար հենարան և քաղաքական ռեսուրս է դառնում։ Հետևաբար Կարապետյանն էլ իր ընտրությունն է անում։
Մի խոսքով, հիմա մենք կիմանանք այն, ինչ չգիտեինք 13 տարի առաջ Սաակաշվիլու առնչությամբ, թե ինչ է կատարվում հանգուցալուծումից մեկ տարի առաջ։ Առանց Կարապետյանի էլ Փաշինյանը ստիպված էր ամեն օր ապրել այնպես, ինչպես վերջինը, որպեսզի հերթական անգամ այն նախավերջինը դառնար։ Միշան ձախողվեց։ Այդ ջուրը երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանն է մտնում: