Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «ԱՄՆ – Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել – Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս – ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա:
Սրանք գործընթացներ են, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Դրանց վիժեցումը և դրա հետևանքով Ռուսաստանի ու Իրանի դիրքերի թուլացումը, հետևաբար՝ ազդեցության նվազումը Հարավային Կովկասում, հատկապես ԱՄՆ-ի պասիվ դիրքավորման ֆոնին, խախտում են տարածաշրջանի ուժերի առանց այդ էլ նուրբ բալանսը։
Արդյունքում Թուրքիան Հարավային Կովկասում դառնում է առավել ազդեցիկ և ուժեղ խաղացող՝ իր տարածաշրջանային շահերը նաև Ադրբեջանի միջոցով առաջ մղելու ունակությամբ։ Խոսքը վերաբերում է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», որը ոչ միայն կապում է Ադրբեջանն ու Թուրքիան, այլև՝ ողջ թյուրքական աշխարհը։
Եթե առաջիկա օրերին Թրամփը հայտարարի Իրանի դեմ որոշ գործողությունների միանալու կամ Իսրայելին ռազմական աննախադեպ օգնություն տրամադրելու մասին, ապա իրավիճակը մեզ համար առավել կբարդանա»: