Հանրության մեջ, բնականաբար, կա որոշակի հատված, որը կարող է գնալ և ցանկություն է հայտնել գնալ «Զվարթնոց» օդանավակայան դիմավորելու։ Դրա հետ կապված մեկնաբանություն չունեմ, բայց եթե քաղաքական ողջ ընդդիմադիր դաշտը մարդկանց կոչ է անում գնալ օդանավակայան և դիմավորել, և դրանից հետո ընդամենը1500-2000 քաղաքացի է այնտեղ լինում, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով երեկ ուշ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում բազմահազար հավատավորների կողմից Վեհափառի դիմավորման արարողությանը։
Հարցին՝ որտեղի՞ց գիտի, որ օդանավակայան հենց այդքան մարդ է գնացել, նախարարը պատասխանեց՝ ցանկացած մարդ, ով երբևէ եղել է օդանավակայանի համապատասխան հատվածում և պատկերացում ունի այդ սրահի չափերի մասին, կհասկանա, որ 1500-2000 մարդուց ավելի այնտեղ չի տեղավորվի։
Լրագրողները Դավիթ Խուդաթյանից նաև հետաքրքրվեցին՝ իր կարծիքով որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանի՝ Կաթողիկոսին փոխարինելու նախաձեռնությունը տեղավորվում օրինականության դաշտում։
«Վարչապետը հայտարարել է, որ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի, և այդ աշխատանքային խմբի աշխատանքը բացառապես լինելու է Սահմանադրության և գործող օրենքի շրջանակներում։ Ես խնդրում եմ, որ դուք այդ մասով կասկած չունենաք։
Ընդհանուր առմամբ մեր բոլոր գործողությունները, որոնք վերջին յոթ տարվա ընթացքում եղել են, եղել են ՀՀ գործող օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում։ Երբ աշխատանքային խումբն իր աշխատակարգը հրապարակի, կտեսնեք, որ այն ոչ մի կերպ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը և գործող օրենքներին։ Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, երբ գնանք օրենքներին և Սահմանադրությանը և բարոյականությանը հակառակ»,- ասաց ՏԿԵ նախարարը։
Ըստ նրա՝ աշխատանքային խումբը կազմված է լինելու ոչ թե պաշտոնյաներից, այլ քաղաքացիներից, այդ թվում՝ ներկա և նախկին հոգևորականներից։
Իսկ թե ինչպես է իշխանությունը պարզելու աշխատանքային խմբում ընդգրկվելիք հոգևորականների բարեվարքությունը և մաքրամաքուր անցյալ ունենալու հանգամանքը, ՏԿԵ նախարարն ընդգծեց՝ Փաշինյանը դրա առնչությամբ մեխանիզմ է մշակել։
«Հասկանալի է, որ որոշակի բաներ բարոյականությանը և անձի ազնվությանն են թողնվելու, օրինակ՝ ամեն օր աղոթելու հանգամանքը, բայց մենք նաև վստահ ենք, որ այլ բաների մասով ստուգման մեպխանիզմներ կան։ Այնտեղ, որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, ստուգում կիրականացվի, իսկ այտեղ, որտեղ պետք է թողնենք մարդու ազնվությանը, կթողնենք մարդու ազնվությանը»։
Իսկ որպես հայ մարդ՝ հա՞շտ է կատարվող գործընթացների հետ։ Դավիթ Խուդաթյանը պատասխանեց՝ ինքն առաջին հերթին հաշտ չէ այն կարգերի և ավանդույթների խախտման հետ, որ հոգևոր հայրերից շատերի կատարմամբ տեղի է ունեցել վերջին տարիներին։
«Օրինակ՝ կուսակրոնության խախտում և ոչ միայն։ Իմ մոտ տպավորություն է, որ քրիստոնյաներից շատերը հաշտ են սրա հետ, և դա իմ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում»,- ամփոփեց Խուդաթյանը։