Կարծում եմ՝ իմ կարծիքը շատ քիչ կտարբերվի նախկինում հնչած կարծիքներից, որ մենք չենք քննարկում իրականության լինել-չլինելը, այլ քննարկում ենք՝ իսկ արժե՞ դրա մասին բարձրաձայնել, թե չարժե։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումները։
«Ես չեմ կարծում, որ հայհոյանք է եղել։ Հայհոյանք եղել է ԱԺ դահլիճում ընդդիմադիր պատգամավորի կողմից։ Հայոհայնքը կոնկրետ բնորոշումն է, սեռական բնույթի բառեր արտաբերելն է»,- ասաց Սիմոնյանը։
Լրագրողների մեկի հարցին՝ հիմա կկրկնի՞ Փաշինյանի բառերը, ԱԺ նախագահը հարցին հարցով պատասխանեց.
«Դոմփե՞լ բառը։ Հա, ինչի՞ չեմ կրկնի։ Կրկնում եմ՝ հայհոյանք բառն ունի իր բացատրությունը։ Ամեն մարդ իր ձևն ունի արտահայտվելու և գտնում է՝ որ պահին ինչ ասի»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ մեղադրելելով լրատվամիջոցներին, որ վերջին օրերին որևէ ԶԼՄ չի փորձել Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակային հարցերի առնչությամբ հասցեատիրոջից պատասխաններ ստանալ։
Հարցին՝ ինչո՞ւ վերջին յոթ տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները և Փաշինյանը չեն հետաքրքրվել հոգևորականների կուսակրոնության և Առաքելական եկեղեցու մյուս հարցերով, այլ միայն հիմա են հետաքրքրություն ցուցաբերում, ԱԺ նախագահը պատասխանեց՝ որովհետև հակառակ կողմը գծեր է անցնում։
«Մարդիկ, որոնք իրենց վրա վերցնում են ուրիշներին դատելու, բարոյականության մասին խոսելու պարտավորություն, պետք է հասկանա՝ իսկ դատավորներն ովքե՞ր են։ Թող հայտարարեն, որ այլևս կուսակրոն չեն։ Օրինակ՝ մարդիկ կան՝ ձեռք են համբուրում։ Հիմա ուզում եմ հասկանամ՝ դրանից առաջ այդ ձեռքը որտե՞ղ էր, արժե՞ այդ ձեռքը համբուրել»,- ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը վստահեցրեց՝ ով կփորձի ոտնձգություններ կատարել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, ինքն ու իր ընկերներն առաջինը կկանգնեն՝ որպես եկեղեցու պաշտպաններ։
«Ինչ-որ մարդիկ ասում են՝ այսինչ մարդուն չեմ թողնելու եկեղեցի։ Դու ո՞վ ես, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդին չթողնես մտնի եկեղեցի։ Դու ծառա ես։ Էդ մարդիկ ծառաներ են, պետք է ծառայեն հավատացյալներին, իրենք ծառա են՝ անկախ նրանից, թե հաշիվներին ինչքան փող ունեն, Երևանի կենտրոնում և Էջմիածնում ինչքան գույք ունեն»,- ասաց Սիմոնյանը՝ կրկին շեշտելով՝ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է հեռանան։








