Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ուղիղ. Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործկացության 5-րդ համաժողովի բացումը – 02.06.2025

Այսօր Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը:

Հերթական (5-րդ) համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն և օրինակելի համագործակցությունը:

Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետներ, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը:

Հայկական կողմից մասնակցելու են ՀՀ ԱԳ, ՏԿԵ, Էկոնոմիկայի, ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետի աշխատակազմը, հյուրեր ՀՀ այլ մարզերից ու համայնքներից, ԱԺ պատգամավորներ:

Համաժողովի բացմանը ելույթ են ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանի համայնքների միության գլխավոր քարտուղար Էմին Երիցյանը, Լիոնի քաղաքապետի տեղակալ, Ֆրանսիայի միավորված համայնքների «Հայաստան» խմբի նախագահ Սոնիա Զդորոֆցովը:

Համաժողովը համատեղ կազմակերպել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Ֆրանսիայի միավորված համայնքները, Սյունիքի մարզպետի աշխատակազմը, Գորիսի համայնքապետարանը։