ՔԿ շենքից ավելի քան 590 հազար դոլար հափշտակելու գործով արդեն ձերբակալված կա

ՔԿ շենքից ավելի քան 590 հազար դոլար հափշտակելու գործով կա ձերբակալված։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։
Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։
