Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկել են արցախցիների դժվար իրավիճակը և դրա լուծումները, այդ թվում՝ նաև ծրագրերի որոշակի փոփոխությունների անհրաժեշտությունը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Այսօր խորհուրդը կանգնած է ծանր և դժվար որոշում կայացնելու առջև։ Օրեր անց իրենք պետք է դժվար որոշում կայացնեն՝ ինչ ճանապարհով են հետագայում շարժվելու։ Ես իրենց հետ քննարկել եմ տարբերակները և նաև իմ աջակցությունը հայտնել են»,- ասաց Շահրամանյանը։
Հարցին՝ զիջում չի՞ ընկալվի իր կողմից արված առաջարկը՝ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի աշխատանքները կազմակերպել Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում, ԱՀ նախագահը պատասխանեց՝ վերջնական որոշում կայացնելու է խորհուրդը։
«Որպես աջակցություն՝ ես այդ պատրաստակամությունը հայտնել եմ»,- ասաց Շահրամանյանը։
Լրագրողները ԱՀ նախագահից հետաքրքրվեցին՝ հանրահավաք սպասվո՞ւմ է, ինչին ի պատասխան Սամվել Շահրամանյանն ասաց՝ այդ հարցին կարող է պատասխանել խորհրդի ղեկավարությունը։
Շահրամանյանը նաև հավաստիացրեց, որ խորհուրդը բաց է բոլոր տեսակի քննարկումների համար, այդ թվում՝ իշխանական խմբակցության հետ հետ։
Լրագրողներն ԱՀ նախագահից նաև հետաքրրքվեցին՝ մտադի՞ր է կրկին առաջադրվել։
«Այս պահին նման որոշում չկա։ Առաջիկայում մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ Այս որոշումը կախված է մեր քաղաքական ուժերի և հասարակության դիրքորոշումից։ Մենք հաշվի ենք առնելու բոլորի կարծիքները»,- ասաց նա։
Շահրամանյանը հերքեց տեղեկությունները, որ վերջին շրջանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. չեն հանդիպել նաև իրենց ներկայացուցիչները։
«Մենք հանդիպումներ չենք ունեցել։ Ես կաշկանդված չեմ որևէ մեկի հետ հանդիպել։ Սկզբնական շրջանում ես, այո, տարբեր քաղաքական ուժերի, նախագահների հետ հանդիպումներ ունեցել եմ, ունեցել եմ հանդիպումներ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի հետ, և ես կաշկանդված չեմ որևէ մեկի հետ հանդիպել»,- նշեց Շահրամանյնաը։
ԱՀ նախագահը հերքեց նաև այն լուրերը, որ արցախցիների իրավունքների պաշտպանության ՀԿ-ներին տարածք տրամադրելու հարցով դիմել է Ռոբերտ Քոչարյանին և մերժում ստացել։








