Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ո՞վ է ասում, որ ես թրքասեր եմ. ես չգիտեմ, թե ինչ է նշանակում թրքասեր. Արմեն Մելիքբեկյան

Ո՞վ է ասում, որ ես թրքասեր եմ, մի հատ կասե՞ք։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իրեն հարց ուղղած լրագրողին, ով հետաքրրքվեց՝ ինչո՞ւ են իրեն համարում «թրքասեր»։

Ի պատասխան՝ լրագրողը նկատեց՝ հանրության մեջ նման ընկալում կա։

«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում թրքասեր։ Ես միայն ՀՀ քաղաքացի եմ, ես վստահ եմ, որ ես շատ սիրում եմ Հայաստանը, հայաստանցիներին ու իմ գործունեության ընթացքում դա շատ լավ երևում է, ՈՒԵԱՖ-ում ու ՖԻՖԱ-ում դա շատ լավ գիտեն»,- հայտարարեց նա։

Մելքիբեկյանը շեշտեց, որ ամեն կերպ պահում է Հայաստանի շահերը ու աշխատում է Հայաստանի համար։

Ապա հայտարարեց, որ ինքն անկուսակցական է, որևէ քաղաքական թիմի անդամ չէ, իսկ ՀՖՖ-ն քաղաքական հարցերով չի զբաղվում:

«Հիպոտետիկ հարցերի չեմ պատասխանում, նաև քաղաքական հարցերի չեմ պատասխանում այսօր: Երբ պետք լինի, այդ ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը կասեմ: Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում թրքասեր: Ես ՀՀ քաղաքացի եմ և միայն Հայաստանի քաղաքացի եմ: Ես ամեն կերպ պահում եմ Հայաստանի և հայկական ֆուտբոլի շահերը: Միայն այն, որ Հայաստանը կարողանում է հավակնել ՖԻՖԱ-ի թոփ երեք մրցաշարերից մեկին, խոսում է այն մասին, որ ես շատ լավ եմ պաշտպանում Հայաստանի և հայկական ֆուտբոլի դերը ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում»,- ամփոփեց Մելիքբեկյանը։