Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Ի՞նչ գիտենք մեր թշնամի հարևանի տնտեսության մասին

Թուրքիայի ՀՆԱ-ն կազմում է 819 միլիարդ դոլար, ինչը նրան դարձնում է  20-րդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրն աշխարհում:

Միջին աշխատավարձն այնտեղ  ամսական մոտ 10 հազար լիրա է՝ մոտավորապես 530,3 դոլար։ Տնտեսության կառուցվածքը հետեւյալն է.

1.Ծառայությունների ոլորտ – 52,7%: Այստեղ ներկայացված են հեռահաղորդակցության, ֆինանսական և, իհարկե, զբոսաշրջային ընկերությունները։ Վերջինիս պարագայում հարկ է հիշել, որ 2019 թվականին Թուրքիան օտարերկրյա զբոսաշրջիկների թվով աշխարհում վեցերորդն էր՝ 51,2 միլիոն մարդ։

2. Արդյունաբերություն – 31,07%: Թուրքիան ունի լավ զարգացած մեքենաշինական արդյունաբերություն, արտահանվող ապրանքների ընդհանուր ծավալի մոտ 15%-ն արտահանվում է։ Ավելացնենք, որ շինարարական ակտիվությունը հաշվի է առնվում նաև արդյունաբերության ոլորտում։

3. Գյուղատնտեսություն – 5,65%։ Երկրի աշխատունակ բնակչության 25%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ։ Մոտավորապես 8,5 միլիոն մարդ է աշխատում ագրոարդյունաբերական համալիրում:

2022 թվականին թուրքական լիրան դոլարի նկատմամբ նվազել է 40%-ով։ Իսկ երկու տարվա ընթացքում՝ 2021 թվականի սկզբից, այն արդեն փլուզվել է 2,5 անգամ։ Սա հիմնականում պայմանավորված է եղել կորոնավիրուսի հետևանքով առաջացած գնաճով։ Սակայն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ճնշման ներքո ԿԲ-ն պարբերաբար նվազեցնում է հիմնական տոկոսադրույքը:

 Եթե 2021 թվականի կեսերին այն կազմում էր 19%, ապա տարեվերջին այն կազմում էր 14%, իսկ 2023 թվականի փետրվարին այդ ցուցանիշն իջեցվել է մինչև 8,5%։ Միաժամանակ, հունվարին երկրում գնաճը կազմել է 58 տոկոս։

Թուրքիայի պարտքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 42,6%-ը, որը համեմատաբար փոքր է։ ԱՄՆ-ում, օրինակ, պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 126,7%-ը։

Բայց բացարձակ թվով երկրի պարտքը մեծ է։ 2023 թվականին թուրքերը պետք է 182,4 միլիարդ դոլարի կարճաժամկետ վարկեր վճարեին արտաքին վարկատուներին, և այդ ամբողջ պարտքը պետք է մարվի ոչ թե լիրայով, այլ ավելի կայուն արտարժույթով, հիմնականում՝ դոլարով։ Այդ պատճառով ներդրողները վախենում են թուրքական պարտքային ճգնաժամից։

Բարձր գնաճը հանգեցնում է փողի արժեքի կորստի, և իրենց խնայողությունները պաշտպանելու համար շատ թուրքեր իրենց փողերը տանում են բորսա: Ստամբուլի ֆոնդային բորսայի ինդեքսն աճում է. 2021 թվականի սկզբից մինչև 2023 թվականի փետրվարը այն աճել է գրեթե 300%-ով։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչ