Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցութիւնները գերակշռում են վերնագրերում, մէկ բացայայտ բացթողում կայ` հայ գերիները դեռ պահւում են ադրբեջանական բանտերում: Նրանց ճակատագրի վերաբերեալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի լռութիւնը նոյնքան խլացնող է, որքան Հայաստանում եւ Սփիւռքում գտնուող առաջնորդների լռութիւնը, ովքեր ցաւօք գերադասում են քաղաքական մօտեցումը բարոյական պարտաւորութիւնից: Հայաստանի ներքին ձախողումներից անդին, այս կեղծ դատավարութեան նկատմամբ համաշխարհային հանրութեան անտարբերութիւնը քաջալերում է բռնատիրական վարչակարգերին ողջ աշխարհում:
Արցախի նախկին 16 ղեկավարներ, այդ թւում` նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանն ու Արայիկ Յարութիւնեանը, ինչպէս նաեւ պաշտօնեայ դարձած բարերար Ռուբեն Վարդանեանը` բախւում են յաղթողի զաւեշտալի արդարադատութեան դրսեւորմանը: Նրանց ցինիկաբար (շնաբար, անամօթաբար) մեղադրում են 2548 շինծու մեղադրանքներով, ներառեալ «ահաբեկչութիւն» եւ «ցեղասպանութիւն», չնայած այն հանգամանքին, որ չկայ ոչ մի արժանահաւատ ապացոյց, որ կապում է նրանց որեւէ յանցագործութեան հետ: Միակ բանը, ինչում նրանց դեռ չեն մեղադրել, դա հայ լինելով շնչելն է:
Վարդանեանը, ով անցած շաբաթ դադարեցրեց 23օրեայ հացադուլը, ինչպէս նաեւ նախկին ղեկավարները, պահւում են պայմաններում, որը խախտում է միջազգային իրաւական բոլոր սկզբունքները: Նրանց դատավարութիւնը ոչ այլ ինչ է, քան քաղաքական թատրոն, հատուցման գործիք, որը ստեղծուել է ոչնչացնելու Արցախի ղեկավարութեանն ու ջախջախելու ապագայ ցանկացած դիմադրութիւն: Դատավարութիւնը փակ է անկախ լրատուամիջոցների համար, իսկ մեղադրեալներին ներկայացնում են պետութեան կողմից նշանակուած փաստաբանները` անհնարին դարձնելով արդար պաշտպանութիւնը:
Amnesty International-ը փաստագրել է բռնի խոստովանութիւններ եւ կեղծ ապացոյցներ, սակայն աշխարհը շարունակում է լռել: Սա ոչ թէ արդարադատութիւն է` այլ պատիժ անհնազանդութեան համար: Ադրբեջանի դատարանները գործում են ոչ թէ որպէս դատական մարմիններ, այլ որպէս քաղաքական հետապնդման գործիքներ: Նոյնիսկ չէզոք դիտորդներն են ընդունում այս դատավարութիւնները որպէս ոչ այլ ինչ, քան` ընդդիմութեանը վերացնելու եւ Արցախի վերաբերեալ Ադրբեջանի ստեղծած պատմութիւնն ամրապնդելու միջոց:
Կազմակերպելով կեղծ դատավարութիւններ հայ առաջնորդների դէմ, նրանք միեւնոյն ժամանակ անտեսում են իրենց իսկ ռազմական յանցագործութիւնները` ներառեալ հայ ռազմագերիների մահապատիժներն ու խաղաղ բնակիչների անդամահատումները` սարսափելի դէպքեր, որոնք լայնօրէն փաստագրուած են եւ նոյնիսկ նշուել են ադրբեջանական լրատուամիջոցներում:
2004 թ.ին հայ սպայ Գուրգէն Մարգարեանի դաժան սպանութիւնը շարունակում է մնալ Ադրբեջանի կողմից պետականօրէն արտօնուած ատելութեան սարսափելի օրինակ: Հունգարիայում ՆԱՏՕի ուսումնական ծրագրին մասնակցող Մարգարեանին, ադրբեջանցի սպայ Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարելով սպաննեց: Սաֆարովը ոչ միայն խուսափեց պատժից, այլեւ` արտայանձնուեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհեցին եւ հռչակեցին որպէս ազգային հերոս: Եթէ Ադրբեջանն իսկապէս մտածէր արդարադատութեան մասին, Սաֆարովը կը կանգնէր դատարանի առաջ, այլ ոչ թէ Արցախի ղեկավարները:
Քննադատներին եւ այլախոհներին թիրախաւորելու Ադրբեջանի օրինաչափութիւնն անցնում է Արցախի սահմաններից դուրս: Ռուս-իսրայէլացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը 2017 թուականին բանտարկուել է Ադրբեջանում` Արցախ այցելելու եւ այդ մասին գրելու «հանցագործութեան» համար: Բելառուսից Ադրբեջանին ապօրինի արտայանձնուելուց յետոյ Լապշինը ծեծի է ենթարկուել եւ խոշտանգուել ադրբեջանական բանտում: Ակնյայտ մահափորձի ժամանակ նրան գտել են խցում անգիտակից վիճակում, պարանոցին խեղդամահութեան հետքերով, ինչն ըստ ադրբեջանցի պաշտօնեաների, «ինքնասպանութեան փորձ է»: Նա հրաշքով ողջ է մնացել եւ աւելի ուշ բացայայտել իր կրած բռնութիւնները: Եթէ Ադրբեջանն այսպէս է վարւում օտարերկրեայ լրագրողի հետ, ապա պատկերացրէք, թէ ինչ ճակատագիր է սպասւում նրա կալանքի տակ գտնուող հայ բանտարկեալներին:
Ադրբեջանը, միաժամանակ, շարունակում է օգտագործել այս կեղծ դատավարութիւնները թէ՛ ներքին, թէ՛ միջազգային շահերի համար: Երկրի ներսում, նա գրգռում է ազգայնական տրամադրութիւններ եւ շեղում է ադրբեջանցիներին իր բռնապետական իշխանութիւնից: Համաշխարհային հարթակում` այն Բաքուին թոյլ է տալիս հանդէս գալ որպէս օրէնքի գերակայութիւն պաշտպանող երկիր, նոյնիսկ այն դէպքում, երբ այն իր իրաւական համակարգը որպէս զէնք է օգտագործում հայերի դէմ: Միջազգային դիտորդական կազմակերպութիւնները, ինչպէս Human Rights Watch-ն է, վաղուց փաստագրել են լրագրողներին եւ ընդդիմադիր գործիչներին շինծու մեղադրանքներով բանտարկելու Ադրբեջանի գործելաոճը: Այժմ նոյն մարտավարութիւնն օգտագործւում է ջախջախելու այն, ինչ մնացել է Արցախի ղեկավարութիւնից: Այնուամենայնիւ, համաշխարհային առաջնորդները թոյլ յայտարարութիւններ անելուց բացի աւելին չեն անում: Եւրամիութիւնը, ՄԱԿը եւ Միացեալ Նահանգները, որոնք այնքան յաճախ բարձրաձայնում են դատական չարաշահումների մասին, ոչինչ չեն անում այս ուղղութեամբ: Նոյնիսկ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կոչ արեց Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ բանտարկեալներին, նա մատնանշեց խաղաղութեան համաձայնագիրը` նշելով, որ Ադրբեջանի հակամարտութիւնը Հայաստանի հետ պէտք է վերջապէս լուծուի, սակայն ոչինչ չնշեց Արցախ վերադառնալու հայերի իրաւունքի կամ բազմաթիւ կրօնական վայրերի կարգավիճակի մասին, որոնք այժմ Ադրբեջանը համարում է իր սեփականը:
Սպիտակ տունը, թերեւս Ռուսաստանի ազդեցութեան գօտում համարուող այս գործին չափից շատ միջամտելու մտավախութիւն ունի, կամ էլ գուցէ Ադրբեջանի նաւթային հարստութիւնը պաշտպանում է նրան լուրջ հետեւանքներից` լռեցնելով նոյնիսկ նրանց, ովքեր պնդում են, որ պաշտպանում են մարդու իրաւունքները: Արդեօ՞ք այդ յայտարարութիւնները լուրջ ազդեցութիւն կ՛ունենան Ադրբեջանում թէ ոչ, ցոյց կը տայ ժամանակը: Բայց աւելի քան հաւանական է, որ նրանք ոչինչ էլ չեն անի: Ի վերջոյ, Բաքւում COP29 Բնապահպանական համաժողովում, համաշխարհային առաջնորդները շրջում էին դահլիճներով` քննարկելով կլիմայական քաղաքականութիւնը, մինչ հայ բանտարկեալները խոշտանգւում էին խցերում, իսկ Միացեալ Նահանգների Կոնգրեսի անդամներին Բաքուի փողոցներում նախատում եւ հետապնդում էին պարզապէս հայ ժողովրդին աջակցելու համար:
Այս դատավարութիւնը ոչ թէ պատերազմական յանցագործութիւնների հետ հաշուի նստելն է, այլ` պատմութիւնը վերաշարադրելու մասին է: Դա յաղթողի դատարանն է, որը կոչուած է յետադարձ կերպով արդարացնելու էթնիկ (ցեղային) զտումներն ու վերացնելու Ալիեւի վարչակարգի դէմ ցանկացած քաղաքական ընդդիմութիւն: 130,000 հայերի բռնի տեղահանումն Արցախից արդէն տեղի է ունեցել, եւ այժմ նրանց առաջնորդներն են «օրինական» դատապարտման առջեւ կանգնում: Չի կարելի անտեսել Ռուբէն Վարդանեանի զգուշացումը. «Տեւական պայմանաւորուածութիւններ կարող են ձեռք բերել միայն ուժեղները` պատուաբեր ու արժանապատիւ էլիտա (վերնախաւ) ունեցող երկրի հետ»: Բայց որտե՞ղ է այսօր մեր էլիտան: Ո՞ւր են Հայաստանի ղեկավարները, որոնք պէտք է պահանջեն ազատ արձակել իրենց հայրենակիցներին. նրանց լռութիւնը դաւաճանութիւն է, որը պատմութիւնը չի ներելու:
Այս կեղծ դատավարութիւնը փորձութիւն է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար: Արդարադատութիւնը համամարդկային սկզբունք կը լինի՞, թէ՞ զուտ գործիք հզօրների համար: Պատասխանը կ՛որոշի, թէ դատավարութեան այս ծաղրը մնում է մեկուսացուած անարդարութիւն, թէ վտանգաւոր նախադէպ ապագայի համար: Եթէ աշխարհը թոյլ է տալիս, որ յաղթողի արդարադատութիւնը յաղթանակի` դա սարսափելի նախադէպ է ստեղծում. օրէնքը պատկանում է ոչ թէ արդարներին, այլ նրանց, ովքեր ունեն աւելի մեծ բանակ եւ աւելի խորը գրպաններ:
Այժմ ժամանակն է, որ աշխարհասփիւռ հայերը եւ բարձր գիտակցութիւն ունեցող մարդիկ գործեն: Բաւարար չէ վշտանալ, կամ վրդովմունք յայտնել մասնաւոր շրջանակներում: Իւրաքանչիւր հայ պէտք է յիշեցնի իր կառավարութեանը, իր համայնքին եւ աշխարհին, որ Ադրբեջանը ժողովրդավարական պետութիւն չէ, այլ` ահաբեկչական պետութիւն է եւ նաւթի վրայ հիմնուած բռնակալութիւն: Մենք պէտք է պահանջենք, որ ՀՀ կառավարութիւնն ամուր մնայ, մերժի լռութիւնը եւ կոչ անի անյապաղ ազատ արձակել մեր քաղբանտարկեալներին:
Սփիւռքը պէտք է ճնշում գործադրի միջազգային կառոյցների վրայ, բոյկոտի (արգելքի տակ առնել) ադրբեջանական քարոզչութիւնն ու բացայայտի այս կեղծ դատավարութիւնը` որպէս վիրաւորանք արդարադատութեանը, մարդու իրաւունքներին եւ հայ ազգին:
Ալիեւի բռնապետութիւնը ծաղկում է այն ենթադրութեամբ, որ ոչ ոք չի դիմադրի: Մեզ մնում է ապացուցել, որ նա սխալ է:
– Արտաշէս «Արդի» Քասախեանը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ է, եւ Գլենդելի նախկին քաղաքապետ: Քաղաքապետի պաշտօնում նրա պաշտօնավարման ընթացքում Գլենդելը համաձայնագիր է ստորագրել Արցախի Մարտունու հետ քոյր քաղաք դառնալու մասին: Քասախեանը քաղաքագիտութեան դասախօս է եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի նախկին գործադիր տնօրէն:
ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ