Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների փետրվարի 7-ին տեղի ունեցած հանդիպումից։
«Քննարկում է տեղի ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացվել են այդ հանդիպումների արդյունքների և շարունակական աշխատանքի մասին։ Չեմ ուզում մանրամասնել կետերով, քանի որ դա որոշակի գաղտնիություն է պարունակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Աբազյանը։
Նա ընդգծեց՝ արվում է ամեն ինչ, որպեսզի հաջորդ հանդիպումը կայանա, և դրա արդյունքում արձանագրված կետերը, որոնք հուզում են անհետ կորածների և գերեվարվածների ծնողներին ու հարազատներին, ստանան իրենց պատասխանները։
ԱԱԾ տնօրենը հավելեց նաև, որ չի կարող հստակ ժամկետներ նշել աճյունների տեղափոխման և գերիների վերադարձի վերաբերյալ, սակայն ընդգծեց՝ հայկական կողմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։
«Չեմ ուզում շտապել և որևէ տրամադրություն շոշափել, բայց դուք համոզված եղեք, որ հայկական կողմը ամեն ինչ անելու է, որպեսզի մենք այդ ուղղությամբ անպայման հաջողություն ունենանք»,- եզրափակեց Աբազյանը։
Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների միջև հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի 7-ին՝ սահմանային գոտում, որի ընթացքում կողմերը պայմանավորվել էին շարունակել քննարկումները փոխադարձ համաձայնությամբ։