Կիրակի, 26 Հուլիս, 2026

Վա՛յ, վա՛յ, վա՛յ. ով մտածում է, որ ստիպում եմ բժիշկներին ընտրել Սարիկին, թող հրատապ դիմեն իրավապահներին. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանաեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն խոսակցություններին, թե ինքը բուժաշխատողներին ստիպում է Գյումրու քաղաքապետի ընտրություններին ձայն տալ ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին:

«Վա՜յ, վա՜յ, վա՜յ, այդ անձինք, ովքեր այդ մտավախություններն ունեն, ես նախ հորդորում եմ շատ հրատապ կերպով այդ մտավախությունները հայտնել իրավապահ մարմիններին, չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք են շատ լավ մասնագիտացած եղել»,- ասաց նա:

Անդրադառնալով իր Գյումրի մեկնելուն՝ ՔՊ-ի թիմի հետ և Գյումրիում դրամահավաքին մասնակցելուն, նախարարը նշեց՝ կիրակի օրն է գնացել Գյումրի, դա ոչ աշխատանքային օր է եղել:

«Այո՛, մասնակցել եմ քարոզարշավի համար դրամահավաքի: Կներեք՝ նախարարը և կառավարությունը հենց քաղաքական մարմին են և չեն կարող լինել ապաքաղաքական: Բայց բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որովհետև դրա կարիք չկա էլ»:

Ճշտող հարցին էլ՝ ինչո՞ւ են մարդիկ ընտրելու Սարիկ Մինասյանին, նա արձագանքեց.

«Ես կարծում եմ, որ ՔՊ-ն այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պետք է ներկայացնի մեր քվեարկողներին: Վստահ եմ, որ այս կարևոր գործը ներկայացնելով և նաև ներկայացնելով, թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի հաղթանակի պարագայում՝ ես կարծում եմ, որ գյումրեցին իր ձայնը կտա ՔՊ-ին և Սարիկին»: