Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ինձ իշխանության ոչ ոք չի բերել. ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ. Փաշինյան

Փաշինյանն այսօր սոցցանցերում գրառումներ է արել՝ անդրադառնալով վերջին օրերին հանրային օրակարագում քննարկվող «ո՞վ բերեց Նիկոլին իշխանության» հարցին։

Նա գրել է.

«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը:

Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ:

Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:

2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին:

Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա:

Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում:
Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես:

Որ հանգիստ սպասի նույնիսկ որպես ֆորմալ պետություն իր գոյությունը դադարեցնելու, լուծարվելու իրեն ուղղված հրահանգին եւ հնազանդ կատարի այդ հրահանգը:

Էն ինչ դուք անվանում եք դավաճանություն, այս պլանը չեղարկելու դժվար ու դաժան, բայց գնալով իրագործման ավելի մեծ հավանականություն ունեցող մեր փորձն է»: