Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վերաբերյալ:
Ըստ Բաքվի՝ «Ժնևի կոնվենցիաների, ինչպես նաև միջազգային և ազգային օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանն իրավունք ունի և պարտավոր է հետաքննել ռազմական հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժում և դատապարտում է Հայաստանի կողմից 2025 թվականի փետրվարի 28-ի հայտարարությունում հնչեցված անհիմն մեղադրանքները։ Այս հայտարարությամբ Երևանը փորձում է անջատողական ռեժիմի նախկին առաջնորդների և պատերազմական հանցագործությունների համար մեղադրվողների դատավարությունը ներկայացնել որպես իրենց իրավունքներն իբր ոտնահարող գործընթաց», – ասվում է հայտարարությունում։
Բաքվի պնդմամբ՝ նրանց կալանավորումն ու դատավարությունը իբր «չի խախտում» միջազգային իրավունքի ոչ մի նորմ, իսկ դատավարությունն ինքնին «թափանցիկ» է՝ մեղադրյալի իրավունքների «լիարժեք հարգմամբ»։ Բացի այդ, Ադրբեջանը հերքել է գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը: