Անբարո է այն մարդը՝ երկրի վարչապետ կլինի, թե ԱԺ նախագահ, ով կհամարձակվի ասել, որ արցախցին չի պայքարել և մինչև վերջին վայրկյանը չի կռվել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արցախցի լրագրողին ուղղված այն խոսքերին, թե «կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»։
«ՀՀ իշխանություններն այսկերպ ուզում են համոզել Հայաստանի մեր հայրենակիցներին, որ արցախցին չի կռվել, բայց մենք կռվել ենք, մենք պայքարել ենք մինչև մեր վերջին շունչը։
Երբ շրջափակումն սկսվեց, բոլորս կարող էինք շատ հանգիստ դուրս գալ Արցախից, բայց մենք ընտրեցինք մնալու, այդ կերպ պայքարելու ուղին։ Որովհետև դա էլ էր պատերազմ, պատերազմի այլ տեսակ, որտեղ էլի մարդիկ էին մահանում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ուղիղ 25 ժամ մեր թե՛ զինվորները, թե՛ բնակիչները մինչև արյան վերջին կաթիլը պայքարել են թշնամու դեմ։
Իսկ ՀՀ իշխանությունները թե՛ իրենց պահվածքով, թե՛ իրենց գործողություններով օգնեցին թշնամուն, և մենք նորից զոհեր ունեցանք ու չկարողացանք պահել Արցախը։ Հիմա որ հոխորտում է Ալենը, թող լավ պատկերացնի՝ եթե Արցախում մնացել էր 120 հազար հայ՝ հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ինչպե՞ս պետք է ադրբեջանաթուրքական բանակի հետ պայքարեին, որ պահեին Արցախը»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ արցախցի պատգամավորի՝ հարց է, թե ինչու արցախցիներին մինչև վերջ կռվել հորդորող ՀՀ իշխանությունն այժմ խաղաղություն է մուրում Ադրբեջանից։
«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածում, որ իրենք չեն պատրաստվում ռազմական գործողություններով հետ վերադարձնել ՀՀ օկուպացված տարածքները։ Դե թող պայքարեն. իրենք ՀՀ իշխանություններն են և Սահմանադրությամբ պարտավոր են ապահովվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը»,- նշեց մեր զրուցակիցը։
Մետաքսե Հակոբյանը կրկին հիշեցրեց՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի առավոտյան ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտում էին, և մեկ օրվա ընթացքում տասնյակ խաղաղ բնակիչներ զոհվեցին (2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն՝ անչափահաս՝ խմբ. )։
«Այդ մարդիկ պայքարում էին, այդ մարդիկ կռվում էին։ 2023 թվականի մեկօրյա պատերազմի ժամանակ, երբ զոհված զինվորների մարմիններ էին գտնում, բոլորը բերանքսիվայր վիճակում էին, և զինվորականներն ասում էին, որ դա մինչև վերջին փամփուշտը կռված զինվորի դիրք է, որին ադրբեջանցին թիկունքից մոտենալով է կրակել։ Այդ զինվորներից որևէ մեկը չէր նահանջել, բոլորը կռվել էին մինչ արյան վերջին կաթիլը։
Վստահ եմ՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչները չեն պատկերացնում՝ դա ինչ է, որովհետև եթե իրենք մեկ թուրք զինյալ տեսնեն, ամբողջ ընտանիքով կհանձնվեն՝ մինչև վերջին մարդը»,- ամփոփեց Մետաքսե Հակոբյանը։