Փաստաբան Սոսե Չանդոյանն, ի թիվս իր բազմաթիվ գործընկերների, միացել է փաստաբանական հանրույթի կողմից իրականացվող գործադուլին։
«Այո՛, ես ևս, որպես ՀՀ փաստբանների պալատի փաստաբան, միացել եմ բողոքի ակցիային ՝ հրաժարվելով այսօր ՀՀ պետական մարմիններում՝ մասնավորապես դատարաններում, իրավապահ մարմիններում իրավաբանական օգնություն տրամադրելուց։ Իրականացվող գործադուլը ունի մեկ նպատակ՝ ապահովել քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացումը։ Չէ՞ որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է, որ մեզանից յուրաքանչյուրն իրավական օգնություն ստանալու իրավունք ունի»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբանը։
Ըստ Սոսե Չանդոյանի՝ հարկային բեռի ավելացումն ունի թաքնված ենթաշերտեր, որոնց պտուղները շատ մոտ ապագայում կքաղեն և՛ իրավապաշտպանները, և՛ քաղաքացիները։
«Փաստացի, հարկային տեռորի արդյունքում բեռի ավելացումը մոտ 38 տոկոսով ուղիղ հարված է հասցնելու քաղաքացիների գրպաններին՝ դրանով իսկ զրկելով նրանց ամբողջական ծավալով կամ առհասարական իրավական ճանապարհով սեփական խնդիրը լուծելու հնարավորությունից։ Այս ամենից զատ՝ փաստաբանական գրասենյակների վրա ավելացվելու է նաև հաշվապահական ծանր հաշվառում իրականացնելու բեռը՝ թղթաշրջանառությունը։
Ստեղծված անհասկանալի վիճակից և ոչ ընդունելի հարկային օրենսդրության փոփոխություններից զատ՝ ակամայից հարց է առաջանում, իսկ միգուցե գործող իշխանություններն այս գործիքակազմով ցանկանում են լռեցնե՞լ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին։
Խորագետ լինել պետք չէ հասկանալու համար այն պարզ ճշմարտությունը, որ այս մեթոդաբանությամբ, ըստ էության, փորձում են զսպել ժողովրդի ցասումն ու օբյեկտիվ դժգոհության բարձրաձայնումը երկրի առաջ ծագած մի շարք կարևորագույն հարցերի շուրջ։ Դուք՝ լրագրողներդ, քաջատեղյակ եք, որ այսօր բազմաթիվ փաստաբաններ, որոնց թվում եմ նաև ես, մեկ մարդու նման շարժվում են բոլոր այն քաղաքացիների ետևից՝ իրավական աջակցություն տրամադրելու նպատակով, ում իրավունքները կոպտագույն կերպով խախտվում են մեկ անօրինական հրահանգի կամ որմանց քմահաճույքի պատճառով»,- նշեց մեր զրուցակիցը։
Սոսե Չանդոյանը միաժամանակ հիշեցրեց, որ այսուհետ ավելացված արժեքի հարկի ռեժիմի համաձայն՝ եթե փաստաբանը մատուցում է անհատույց ծառայություն, ապա պետք է վճարի այդ ծառայության 20 տոկոսը։
«Բայցևայդպես, կարծում եմ, որ արհեստական խոչընդոտները հաղթահարելի են և խիստ ժամանակավոր»,- ամփոփեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններն այսօր Հայաստանի ողջ տարածքում գործադուլ են հայտարարել։
Վերջիններս հրաժարվում են մասնակցել պետական մարմիններում՝ դատարաններում, նախաքննական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Նրանք կառավարությունից պահանջում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից: