Հունվարի 14-ին Մ. Նահանգները պաշտոնապես ռազմավարական գործունեության մակարդակի բարձրացրեց իր հարաբերությունները Հայաստանի հետ: «Մենք (այսօր) հիմնադրում ենք ամերիկա-հայկական մեր ռազմավարական գործունեության կոմիտեն», հայտարարեց Մ. Նահանգների արդեն պաշտոնաթող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախքան իր պաշտոնակից ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կկնքեր կոմիտեի ստեղծման կանոնադրությունը: Փաստաթուղթը ստորագրվեց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալումից ընդամենը մի քանի օր առաջ` ավետելով հայ-ամերիկյան հարաբերությունների բնագավառում Բայդենի հեռացող վարչակազմի ժամանակ ուղենշային մի նոր հարթակի գոյության մասին: Այժմ պարզենք այս գործընկերության կանոնադրության բնույթն ու կիրառման սցենարները:
Նախ հստակեցնենք տարբերությունը «ռազմավարական գործընկեր» (strategic partner) եւ «ռազմավարական դաշնակից» (strategic ally) ձեւակերպումների միջեւ: Հայաստանն ու Մ. Նահանգները ռազմական դաշնակիցներ չեն: Այս փաստաթղթով Հայաստանին շնորհված կարգավիճակը պետք է դիտարկել համապատասխան զգուշավորությամբ, հաշվի առնելով, որ այն ստորագրվել է նորընտիր նախագահ Թրամփի միջակա վարչակազմի հետ համաձայնեցնելուց հետո: Սա նշանակում է, որ այն ներկառավարական փաստաթուղթ է, եւ ոչ թե սոսկ Բայդենի վարչակազմի հետ կնքված մի պայմանագիր: Այդ պատճառով էլ չպետք է դիտարկվի որպես Բայդեն-Փաշինյան վարչակազմերի նվաճում: Եթե այդպես ներկայացվի, ապա Թրամփի վարչակազմը շատ հանգիստ կարող է արձագանքել ասելով. «Դե, գնացեք եւ այն գործադրեք Բայդենի հետ»:
Կանոնադրության ստորագրումը հնարավոր էր դարձել մի քանի գործոնների, ներառյալ 1990-ականներին կատարված սկզբնական աշխատանքների շնորհիվ, որոնց ընթացքում Հայաստանը բազմաթիվ համաձայնություններ ստորագրեց Մ. Նահանգների հետ: Ապա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994 թ. ԱՄՆ այցելության ժամանակ հուշագիր ստորագրվեց Վազգեն Սարգսյանի եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ուիլյամ Պերրիի միջեւ: Հայաստանի ակտիվ դերակատարությունը պայքարելու ընդդեմ միջազգային ահաբեկչության եւ նրա մասնակցությունը խաղաղապահպանման առաքելություններին (2000-ական թվականներին, նախագահ Քոչարյանի պաշտոնավարության ժամանակ) ուշադրության էր արժանացել ՀՀ Ազգային ժողովում ելույթ ունեցող պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից: Հետագայում Հայաստանը խորացրեց իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ Մ. Նահանգների հետ 2010-ական թվերին Սերժ Սարգսյանի վարչակազմի օրերին` ձեռք բերելով նշանակալի առաջխացաղումներ երկկողմանի հարաբերություններում: Վերոնշյալ ստորագրված փաստաթուղթը, այսպիսով, արդյունք է Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ եւ Սարգսյան-Օբամա վարչակազմերի համատեղ ջանքերի, որն իր բարձրակետին հասավ Փաշինյան-Բայդեն վարչակազմերի օրոք:
Կարեւոր է նաեւ պարզաբանել, որ «ռազմավարական գործընկերությունը» (strategic partnership) տարբեր է «ռազմավարական (ընդհանրական) միությունից» (strategic alliance), որ առկա է Մ. Նահանգների եւ Իսրայելի կամ Մ. Թագավորության հետ: Մ. Նահանգները Հայաստանին չի տալու ո՛չ անվտանգության երաշխիքներ, ո՛չ ռազմական օժանդակություն, ո՛չ էլ զինամթերք: Ձեռք բերված կարգադրությունը չի նախատեսում ամերիկյան զինվորական հենակետեր հաստատել կամ զինվորական անձնակազմեր տեղակայել Հայաստանում: Անվտանգության ապահովությունը նախատեսում է տրամադրել խորհրդատվական ծրագրեր, զորավարժությունների մասնակցություն եւ ռազմական հմտությունների ձեւավորում «Զինվորական կրթության եւ պատրաստման միջազգային ծրագրի» եւ «Կանզասի ազգային գվարդիայի» հետ գործընկերության շրջանակներում: Այդ բոլորին գումարած՝ հատկացվելու է ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն տնտեսության, բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության եւ սոցիալական բնագավառներում ծրագրերի իրականացման համար: Շահագրգռվածություն կա նաեւ Հայաստանում տեղադրելու ամերիկյան փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ (SMR): Ինչ վերաբերում է ISIS-ի դեմ պայքարելուն, Հայաստանը պարտավորված է մնում շարունակելու իր մասնակցությունը 9/11-ից հետո ձեւավորված հակաահաբեկչական կոալիցիային եւ իսլամական պետության դեմ ուղղված արշավին: «Kansas National Guard»-ի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ հարաբերությունների սերտացումը հիմնված է 2003-ին ձեռք բերված համագործակցության պայմանագրի վրա:
Հաջորդ հարցը վերաբերում է փաստաթղթի գործադրմանը, որը կախված է նոր ձեւավորվող վարչակազմի գործողություններից: Թրամփի թիմը զրոյից է սկսելու ամեն ինչ եւ ըստ այդմ կոմիտեի անդամներ նշանակելու: Փաստաթուղթը պահանջում է հետագա զարգացում հիմնված նշված սկզբունքների վրա: Սակայն պարզ է, որ Մ. Նահանգները չի պատրաստվում Հայաստանին առաջարկել անվտանգության երաշխիքներ, զինամթերք կամ ռազմական հանդերձանք: Ամերիկյան զորամիավորումներ չեն տեղակայվելու ՀՀ-ի սահմաններում: Փոխարենը ամերիկացի փորձագետներ գիտելիքներ են փոխանցելու սահմանային անվտանգությունը ամրապնդելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է ո՛չ գերագնահատել, ո՛չ էլ թերագնահատել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին շնորհված կարգավիճակը, քանի որ այն բարեփոխումներ կատարելու ամուր հիմքեր է պարունակում: Հայաստանի իշխանությունները պարտավոր են առավելագույնս օգտվել կարգավիճակի ընձեռած հնարավորություններից: Կարեւոր է հիշել, որ այս կարգավիճակը կարող է վերանայվել եւ անգամ չեղյալ համարվել: Ընդամենը մի քանի ամիս առաջ անցկացված ընտրությունների հետեւանքում Վրաստանը կորցրեց իր գործընկերության կարգավիճակը: Անկախ ամեն ինչից, տրված հնարավորությունը անհրաժեշտ է օգտագործել առաջ տանելոո համար տնտեսական առաջնահերթութունները:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)