ԵՐԵՎԱՆ–ԹՐԻՎԱՆԴՈՒՄ, Հնդկաստան – Հայաստանում եւ Հնդկաստանում բնակվող Արջուն Կրիշնա Լալը գրող է, ձեռնարկատեր եւ ԱՄՆ–ի շուկային սպասարկող «Բիզնեսը բիզնեսի համար» (տեղեկատվական եւ տնտեսական փոխազդեցության տեսակ) ոլորտի ղեկավար: Նախադպրոցական տարիքից մինչեւ ավագ դպրոց ապրել եւ ուսանել է ԱՄՆ–ում, հետագայում ուսումը շարունակել Հնդկաստանում՝ մասնագիտանալով լրագրության, հոգեբանության եւ անգլերենի մեջ: Արջունը Լոս Անջելեսի «Ֆլայինգ ֆիֆթ գրուփ» թվային մարքեթինգի գործակալության բովանդակության մասնագետն է, նաեւ համահիմնադիրներից Նյու Ջերսիի «Քրիեյթ–Օն»-ի, որը արհեստական բանականության բովանդակության ստեղծման հեղաշրջող սթարթափ է: 2014-ին «Փենգուին ռանդոմ հաուզ» հրատարակչությունը լույս է ընծայել Արջունի առաջին՝ «Չար խաղեր» անգլերեն վեպը։ 2024-ին Երեւանում հրատարակվեց նրա «Սեր, կյանք, գինի» գիրքը հայերեն (թարգմանիչ՝ Ռոզա Գրիգորյան): Արջուն Կ. Լալը շարունակում է ակտիվորեն աշխատակցել մի քանի ամսագրերի եւ մասնագիտացված տեխնոլոգիական կայքերի ամբողջ աշխարհում («Փի Սի մեգըզին», «Այ Ջի Էն», «Դիջիթ»):
Արջունը տարվա մի զգալի մասը լինում է Երեւանում, բայց պարզվեց, որ Հնդկաստանում է, ուստիեւ իմ հարցերին նա պատասխանեց գրավոր եւ անգլերեն, որոշ բառեր՝ հայերեն (դրանց կողքին շարադրանքում փակագծերում ավելացրել եմ՝ «հայերեն»)։
–Արջո՛ւն, չնայած քեզ հաճախ են հրավիրում հայկական հեռուստաշոուների, ցանկանում եմ քեզ ներկայացնել ավելի լայն լսարանի: Այս ցանկությունն ունեցա քո անսովոր գիրքը կարդալուց հետո: Թեեւ մեծ թվով ոչ հայեր գրել են Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, դու առաջիններից մեկն ես, որին գրավել է մերօրյա Հայաստանը: Ինչպես գրել ես. «Ես ուզում եմ գրել այս անհավանական վայրի մասին, որը ես անվանում եմ տուն, եւ այն մարդկանց մասին, որոնք դարձել են իմ ընտանիքը», եւ ապա՝ «Կրկին պետք է ասեմ. կյանքը Երեւանում երբեք անհետաքրքիր չէ»։ Դեռ այդպե՞ս ես զգում։
–Երեք տարի Երեւանում ապրելուց հետո կարող եմ ասել, որ այդպես եմ զգում մինչ օրս։ Պատկանելության եւ համայնքի զգացումն այն է, ինչը ես միշտ ցանկացել եմ ունենալ: Թեեւ ծնվել եմ Հնդկաստանում, մեկ տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Սեդար Ռափիդս, Այովա: Այնտեղ ապրեցի մինչեւ միջնակարգ դպրոցը, որից հետո վերադարձանք Հնդկաստան: Երկու երկրներում էլ պայքարում էի անհամապատասխանության զգացողության դեմ: Հայ ընկերներիս եւ ծանոթներիս հետ զրույցներից հասկացա, որ ես ունեցել եմ նույն փորձառություններն ու դժվարությունները, որոնց բախվել են առաջին սերնդի հայ ներգաղթյալներն ԱՄՆ-ում: Հնդկաստան վերադառնալով՝ վիճակը մոտավորապես նույնն էր, բայց հակառակ կողմից. շրջապատի համար ես երբեք տիպիկ հնդիկ չեմ եղել եւ դժվարությամբ եմ ընկերներ ձեռք բերել: Առաջին գիրքս՝ «Չար խաղերը», այդ փորձառության մասին է:
Հայաստան տեղափոխվել որոշեցի միանգամից։ Ես ուզում էի գնալ մի տեղ, որի հետ ոչ մի կապ չունեի եւ, հետեւաբար, զերծ կլինեի դրան հարմարվելու փորձից բխող գլխացավանքից։ Նստելով Երեւան տանող առաջին ինքնաթիռը՝ համակվեցի սարսափով, բայց, միեւնույն է, ուզում էի փորձել: Եվ ինձ համար անսպասելի էր իմ հանդեպ ցուցաբերված հյուրասիրությանը (հայերեն) եւ ջերմությանը. ես կյանքից ճիշտ հակառակն էի սպասում: Հայաստանում ընկերներ ձեռք բերեցի։ Ունեցա անհավատալիորեն շատ արկածներ։ Ինձ որդու պես ընդունեց իմ լավագույն ընկերոջ ընտանիքը. անցած ապրիլին ծնողներս եկան Երեւան՝ մասնակցելու ընկերոջս քրոջ հարսանիքին: Ես սիրահարվեցի մեկի, բայց նաեւ՝ մեծ թվով մարդկանց: Քանզի ես շատ բան իմացա պատմության ընթացքում հայերի մղած պայքարի եւ այն մասին, որ նրանք մինչ օրս շարունակում են դիմակայել։ Սկսեցի ավելի արժեւորել այն սերն ու ընդունելությունը, որին արժանանում եմ Երեւանում. ցավ տեսած վայրում ավելի հեշտ կլիներ օտարին անվտանգ հեռավորության վրա պահել, նրան ատել կամ նրանից վախենալ, բայց նման բան իմ հանդեպ երբեք չի եղել: Այս ամենը շոշափելի ազդեցություն ունեցավ իմ կյանքի եւ իմ ինքնության, ինքս ինձ ընկալելու վրա։ Այս պահին իմ ընկերների ու մտերիմների մեծամասնությունը հայեր են։ Բովանդակային մարքեթինգի իմ բիզնեսը տեղափոխել եմ Հայաստան եւ հպարտ եմ՝ աշխատելով հայերի հետ ու ստեղծելով հնարավորություններ տեղացիների համար: Հիմա մեկ ամսով Հնդկաստանում եմ, այցի եմ եկել ընտանիքիս, եւ ինձ զարմացրեց, որ նույնիսկ այստեղ հայերենն է այն լեզուն, որն ամենից շատ եմ օգտագործում ամեն օր՝ աշխատելիս, ընկերներիս հետ զրուցելիս կամ հայերեն հումորային տեսանյութեր դիտելիս: Հիմա էլ, երբ գրում եմ այս պատասխանները, ուտում-վերջացնում եմ Հայաստանից բերածս պնդուկը (հայերեն):
–Իսկ դեռ ճշմարի՞տ է քո հետեւյալ հայտարարությունը. «Ինչքա՜ն բազմաշերտ է Երեւանը։ Եվ ամեն օր ես նորից բացահայտում եմ այս վայրը։ Անհավանական է»: Եվ սա հուշո՞ւմ է, որ միգուցե եւս մեկ գիրք գրես Հայաստանի մասին:
![](https://azg.am/wp-content/uploads/2025/02/Arjun-K.-Lal-683x1024.jpg)
–Առաջին հայացքից Երեւանը չի ներկայանում որպես աշխարհի ամենաաշխույժ կամ բազմազան վայրը, ինչը շատ լավ է. նախատեսված չէ, որ այդպես պիտի լինի: Որպես մեկը, որին այդ քաղաքն ընդունել է, խորապես հավատում եմ, որ այն պետք է պահպանի իր այդ բնույթը: Սակայն ինձ զարմացնում է, որ նրա մակերեսի տակ կա ժողովուրդների, խոհանոցների եւ մշակույթների այնպիսի մի խորություն, որը սպասում է բացահայտվելուն, եւ դու, որպես զբոսաշրջիկ կամ կարճաժամկետ այցելու, շատ բան չես տեսնի դրանցից: Օրինակ, մի անգամ պատահաբար «բախվեցի» Արեւմտյան Աֆրիկայի սննդի առաքման ծառայության հետ կամ մի խումբ իրանցիների համար հանդես եկա որպես ոչ պաշտոնական զբոսավար, եւ կամ Ամանորն անցկացրի ռուս ընկերների հետ, կամ էլ առաջին անգամ յոգա սովորելու սյուրռեալիստական փորձառություն ունեցա Հնդկաստանում սովորած լիբանանահայ մարզիչի հետ։ Երեւանը շարունակում է քեզ «պարգեւատրել»: Այստեղ կա բազմազանություն, բայց կա նաեւ մի բան, որը բնութագիր եւ համ ու հոտ է տալիս քաղաքի հիմնարար ինքնությանը՝ առանց այն փոխելու:
Ինչ վերաբերում է մեկ այլ գիրք գրելուն, դա լավ հարց է: Միանշանակորեն՝ դա մի գաղափար է, որի շուրջ մտածում եմ: «Կյանք, սեր, գինին» շատ հում է, որը գրեցի տարբեր փորձառություններ ունենալով: Կցանկանայի մի օր վերանայել այդ թեմաները, բայց ավելի իմաստավորված:
–Նշում ես, որ Երեւանում ինը տարբեր կացարան ես փոխել։ Գրքի հրատարակումից հետո այդ թիվն ավելացե՞լ է:
–Այո՛, ցանկիս ավելացել է Բուզանդի փողոցը, ուրեմն՝ տաս: Ծրագրում եմ ի վերջո հաստատվել ինչ-որ տեղ Կենտրոնում, բայց մի քանի ամիսը մեկ միտումնավոր տեղափոխվում էի, որպեսզի քաղաքը տառացիորեն տեսնեմ տարբեր անկյուններից՝ լինի Հյուսիսային պողոտայի պենտհաուսը, թե Բանգլադեշի խրուշչովկան: Որպես գրող՝ ինձ համար կարեւոր է կարողանալ «քայլել ուրիշների կոշիկներով»։ Քաղաքի տարբեր մասերում (եւ դրանից դուրս) կարճաժամկետ թե երկարաժամկետ տարբեր կերպ ապրելն ինձ պատկերացումներ է տվել, թե ինչպես են բոլոր տեսակի երեւանցիներն ապրում։ Սիրում եմ քայլել քաղաքի փողոցներով՝ հնարավորինս շատ «կլանելով»։ Եվ որպեսզի մեկ այլ գիրք գրելն իրականանա՝ ես ուզում եմ հնարավորինս շատ ձեւերով լավագույնս ճանաչել Երեւանը: Դա երկարաժամկետ նախագիծ է:
–Դու վարժ տիրապետում ես հինգ լեզվի։ Ընդհանուր համոզմունք կա, որ հնդիկները հայերեն սովորում են մյուս ազգություններից ավելի արագ։ Որքանո՞վ է դա ճիշտ։
–Սա եւս հետաքրքրական հարց է, որի մասին կցանկանայի որոշակի ենթատեքստ տրամադրել: Տարածված սխալ պատկերացում կա, որ Հնդկաստանը միատարր պետություն է մեկ լեզվով՝ հինդիով: Սա ճշմարտությունից շատ է հեռու: Պատմականորեն, Հնդկական թերակղզին նույնքան բազմազան է, որքան Եվրոպան, տասնյակ լեզուներով, որոնք ընդգրկում են տարբեր լեզվաընտանիքներ եւ հարյուրավոր էթնիկ խմբեր: Ժամանակակից Հնդկաստանն էթնոլեզվական հիմունքներով բաժանված է նահանգների, եւ 22 այլ լեզուներ անգլերենի եւ հինդիի հետ մեկտեղ պաշտոնական կարգավիճակ ունեն: Օրինակ, իմ մայրենի մալայալամ լեզվով խոսում է 35 միլիոն մարդ, այն նույնիսկ հնդեվրոպական լեզու չէ. հինդին իրականում ավելի մոտ է հայերենին, քան մալայալամին: Հնդկական կրթական համակարգի բնույթի եւ ներքին միգրացիայի օրինաչափությունների պատճառով բազմալեզվությունն օրինաչափ է ավելի մեծ քաղաքներում կրթություն եւ աշխատանք փնտրող մարդկանց համար: Մարդկանց մեծամասնությունը որպես մայրենի լեզու ունի տարածաշրջանի լեզուն եւ որոշ չափով տիրապետում է ինչպես հինդիին, այնպես էլ անգլերենին: Բնակչության մեծ մասը փաստորեն եռալեզու է, եւ կարծում եմ, որ դա մարդկանց ստիպում է ավելի արագ սովորել այլ լեզուներ եւ շփվել տարբեր լեզուներով խոսողների հետ, քանի որ դրանք Հնդկաստանում հաջողության հասնելու հիմնական հմտություններն են: Այս ամենից զատ, հայերենը բավական ընդհանրություններ ունի հինդի եւ հյուսիս-հնդկական այլ լեզուների հետ. կա պարսկերեն բառերի բավականին մեծ շերտ, որոնք սովորաբար օգտագործվում են թե՛ հինդիում, թե՛ հայերենում, ինչպես՝ «թավա», «շալվար», նույնիսկ՝ «հիմար»: Այլեւս չեմ ասում «ջան» եւ «յար» բառերի մասին…
–Երեւանում աճում է հնդկական ներկայությունը. Ի՞նչ ես կարծում, սա ի՞նչ է տալիս եւ ի՞նչ կտա Հայաստանին ու Հնդկաստանին։
–Այս հարցն ինձ տվել են Յանդեքսի առնվազն տաս տարբեր վարորդներ, եւ ես կարծում եմ, որ մենք դրան պետք է նայենք ավելի լայն համատեքստով: Հայաստանում շատերը, թվում է, կարծում են, որ կա հնդիկների արտագաղթ դեպի Հայաստան, սակայն դա չի արտացոլում հնդկական սփյուռքի ընդհանուր միտումների պատկերը: Հնդկաստանն ունի աշխարհի ամենամեծ սփյուռքը՝ մոտ 70 միլիոն մարդ: Հնդիկները տարբեր պատճառներով եւ սոցիալ-տնտեսական բաժանումներով զգալի քանակով գաղթում են աշխարհի գրեթե բոլոր ծայրերը: Քանի որ Հայաստանն ունի համեմատաբար փոքր բնակչություն, երկրի հնդկական համայնքը կարող է անհամաչափ մեծ թվալ:
Այստեղ ես կցանկանայի շեշտել խարդախության եւ մարդկանց թրաֆիքինգի հսկայական դերը Հնդկաստանից Հայաստան ներգաղթի գործում: Կա մի անհաջող համակարգ, որով անօգնական, քիչ կրթված մարդկանց խաբում են՝ ասելով, թե Հայաստանը Եվրոպական Միության անդամ երկիր է եւ որ հեշտ է Շենգենյան վիզա ստանալ Հայաստանի միջոցով, եւ որ այնտեղ աշխատավարձերը շատ բարձր են։ Իրականում Երեւանում շինարարների եւ որակավորում չունեցող այլ գործավորների աշխատավարձն անգամ ավելի ցածր է, քան իմ հայրենի Թրիվանդրումում: Հնդկաստանում եւ Հայաստանում գործակալները թիրախավորում են խոցելի մարդկանց, նրանց բերում են զբոսաշրջային վիզաներով եւ «գցում» ցածր վարձատրվող աշխատանքների շրջափուլը, ու մարդիկ անգամ չեն կարողանում խնայել այնքան, որ տուն վերադառնան: Հնդիկ համայնքի ճնշող մեծամասնությունը ժամանակավոր է։ Նույնը կարելի է ասել բժշկական համալսարանի ուսանողների մասին. նրանք մտադիր չեն մնալ Հայաստանում։ Կարծում եմ, որ կարեւոր է ներգաղթի մասին օրենքի բարեփոխումը. էժան աշխատուժի մեծ հոսքը կարող է ավելի նվազեցնել աշխատավարձերը Հայաստանում, եւ այդ մարդկանցից շատերը կհայտնվեն սարսափելի պայմաններում։ Սա երկուստեք պարտվողական վիճակ է։ Կարծում եմ, որ քաղաքականությունը պետք է փոխվի՝ այլ «տեսակի» հնդիկների ներկայություն գրավելու համար՝ ազատ գրաֆիկով աշխատողներ եւ «թվայնական քոչվորներ», կրթված մասնագետներ եւ բիզնեսի սեփականատերեր, որոնք ի վիճակի կլինեն ներդրում ունենալ զբոսաշրջության մեջ եւ ստեղծել աշխատատեղեր: Հնդկաստանի բնակչության թվի պատճառով միլիոնավոր նման մարդիկ կան, որոնք այդ կերպ ապրում են ամենատարբեր երկրներում, հանգստանում են Եվրոպայում եւ Եգիպտոսում: Եթե Հայաստանը կարողանա ավելի գրավիչ վայր դառնալ բիզնեսի սեփականատերերի եւ բարձրակարգ զբոսաշրջիկների համար, ապա հնդիկների ներկայությունը երկրում կարող է շատ օգտակար լինել։ Այդ կարգի անձանց մեջ կան նաեւ մասնագետներ, որոնք ավելի բարձր ոլորտներից են, ներառյալ պաշտպանականը, ինչը կարող է խորացնել Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ սկսված ռազմավարական պաշտպանական համագործակցությունը:
–Արջո՛ւն, ես ամբողջ սրտով համաձայն եմ քո այս մտքին. «Կյանքում ամենաշատը ես սիրում եմ ձեռք բերել փորձառություն, հիշողություններ եւ մարդկանց»: Հուսով եմ, որ կշարունակես ձեռք բերել ավելի շատ փորձառություն, հիշողություններ ու կապեր եւ նորից ու նորից կբացահայտես Հայաստանի շերտերը:
–Շնորհակալությո՛ւն (հայերեն), ես հենց դա էլ մտադիր եմ անել…
Արծվի Բախչինյան