Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Թրամփի կառավարությունում Մասկի ղեկավարած վարչությունը սկսել է փորփրել USAID-ի գաղտնի ֆայլերը

Հումանիտար  ոլորտի աշխատակիցները, դիվանագետները և օրենսդիրները փորձում են պարզել, թե ինչ է կատարվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ: USAID-ի  կայքը խափանված է, որոշ պաշտոնյաներ կորցրել են էլեկտրոնային փոստի հասանելիությունը և 100 մարդ ուղարկվել արձակուրդի:

 Կիրակի երեկոյան Թրամփը լրագրողներին ասել է. «USAID-ը ղեկավարվում է մի խումբ արմատական ​​խելագարների կողմից, և մենք պատրաստվում ենք նրանց հայտնաբերել … և հետո որոշում կկայացնել նրանց համար»:

ԱՄՆ ՄԶԳ-ն անկախ գործակալություն է՝ իր բյուջեով, որը պատասխանատու է ԱՄՆ արտաքին օգնության և զարգացման ծրագրերի կառավարման համար: Այդ կառույցում աշխատում է մոտավորապես 10,000 մարդ: Նախկին նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ ՄԶԳ ղեկավար է նշանակել Ազգային անվտանգության խորհրդից։

Գործակալությունը ստեղծվել է 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդիի վարչակազմի օրոք և դարձել ԱՄՆ կառավարության մարդասիրական թևը: Ամեն տարի այն միլիարդավոր դոլարներ է հատկացնում աղքատության դեմ պայքարի, հիվանդությունների բուժման, սովի և բնական աղետների հետևանքների վերացման համար։ Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ «նպաստում է ժողովրդավարության կառուցմանը և սոցիալական զարգացմանը»՝ աջակցելով ոչ կառավարական կազմակերպություններին, անկախ լրատվամիջոցներին և սոցիալական նախաձեռնություններին:

Պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը հրամայել է սառեցնել ԱՄՆ-ի գրեթե ամբողջ արտաքին օգնությունը՝ ասելով, որ իր վարչակազմը կվերանայի բյուջեն՝ ապահովելու, որ  գումարները ծախսվեն՝ առաջին հերթին ամերիկյան   արտաքին քաղաքականությանը համապատասխան:

Շաբաթ օրը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության անվտանգության տնօրեն Ջոն Վուրհիսին և նրա տեղակալին արձակուրդ են ուղարկել այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են թույլ տալ Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) պաշտոնյաներին մուտք գործել գործակալության համակարգեր՝ ներառյալ գաղտնի տեղեկատվություններ: Reuters-ի փոխանցմամբ՝ նրանք փորձել են թույլ չտալ DOGE-ի աշխատակիցների մուտքը շենքի արգելված տարածքներ։

«Գիտե՞ք արդյոք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները»,- գրել է Իլոն Մասկը:

Հայտնի չէ,  թե ինչ տեղեկություններ են կարողացել ստանալ DOGE-ի աշխատակիցներն այս տարածքից, սակայն նրանց մուտքագրած ծրագրերը պարունակում են գաղտնի ֆայլեր և անձնական տեղեկություններ ԱՄՆ ՄԶԳ-ում աշխատող ամերիկացիների մասին. ասել են Reuters-ի աղբյուրները

Ինչպես նշում է New York Times-ը, Մասկի ղեկավարած կառավարության արդյունավետության նոր վարչությունը ոչ թե գերատեսչություն է, այլ ավելի շուտ աշխատանքային խումբ, որին, այնուամենայնիվ, տրվել են անսովոր լիազորություններ: Թրամփի ստորագրած հրամանը թույլ է տալիս իր աշխատակիցներին անսահմանափակ մուտք գործել պետական ​​գրասենյակներ։ Սակայն տեսականորեն աշխատակիցները դեռ պետք է համապատասխան թույլտվություններ ստանան՝ գաղտնի նյութերին ծանոթանալու համար:

Հաղորդվում է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցներին տեղեկացվել է առաջիկա խոշոր կրճատումների մասին, հրահանգ է տրվել  մամուլի հետ չխոսել դրանց մասին:

Մեթ Հոփսոնը, որը նոր էր նշանակվել Թրամփի վարչակազմի կողմից USAID-ի ղեկավարի պաշտոնում, հրաժարական է տվել. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։