Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել պաշտպանել Սիրիայում փոքրամասնությունների իրավունքները. գրում է ԻՌՆԱ գործակալությունը։
Արաղչին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառությունը՝ պաշտպանելու Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է ներքին հակամարտությունների կանխարգելման և երկրի բոլոր քաղաքական, էթնիկ և կրոնական խմբերը ներկայացնող ներառական կառավարություն ստեղծելու կարևորությունը:
Նախարարը նաև մտահոգություն է հայտնել զինված խմբավորումների կողմից կամայական գործողությունների մասին, որոնք բացասաբար են անդրադառնում խաղաղ բնակչության վրա, հատկապես շիաներով և ալավիներով բնակեցված շրջաններում: Արիադչին պնդել է, որ պետք է միջոցներ ձեռնարկել այդ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար։
Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են նաև Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները՝ նշելով տարածաշրջանային հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։