Այս վերնագրի ներքո Greek Reporter պարբերականը հունվարի 16-ին Տասսոս Կոքինիդիսի գրչով անդրադարձել է Լոռի-Տավուշ շրջաններում նախորդ տարվա գարնանը մոլեգնած հեղեղումներից քանդված կամուրջները վերանորոգելու եւ նորերը կառուցելու իրողությանը, որը արդյունք է, ինչպես գրում է հույն լրագրողը, Եվրոմիությանը դիմելու ՀՀ կառավարության խնդրանքին, որին ընդառաջել է Հունաստանի կառավարությունը։
2024 թ.ի մայիսի 26-ին, նախորդ օրը տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Լոռիում եւ Տավուշի շրջաններում, Դեբետի եւ այլ գետերի վրա կառուցված կամուրջներն էին քանդվել, որոնց վերականգնման համար Հունաստանի կառավարությունը աղետի շրջան է ուղարկել զինվորական ինժեներներ, որոնք ձեռնարկել են Baily կամուրջներ կառուցելու գործին՝ օգնության հասնելով ավելի քան 15 գյուղերի բնակչության, որը մեծ կորուստներ էր կրել հեղեղումներից։
Առաջին կամուրջը կառուցվել է Քարկոփ գյուղում՝ Դեբեդի վրա։ Երկրորդը՝ Հոբարձի գյուղում՝ Գարգառ գետի, իսկ երրորդը դեռեւս կառուցվում է Այրում գյուղում՝ դարձյալ Դեբեդի վրա։
Հատկանշական է, որ վերոհիշյալ շրջաններում, հատկապես Ալավերդիում, ապրում են զգալի թվով հույներ, որոնք շուրջ 150 տարի առաջ հաստատվել են Հայաստանում, որի լիիրավ քաղաքացիներն են հանդիսանում։
Հույն լրագրողը առանձնահատուկ ու սրտաշարժ խոսքերով անդրադառնում է նաեւ հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամության, Օսման կայսրության լծի տակ նրանց կրած տառապանքների, ճակատագրակցության եւ ընդվզումների մասին։
«ԱԶԳ»