Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Այրվող Լոս Անջելեսը ապահովագրող ընկերություններից 20 միլիարդ դոլար փոխհատուցում է ակնկալում

Լոս Անջելեսի բնակիչները  կարող են փոխհատուցում ստանալ  մինչև 20 միլիարդ դոլար։  Շոու բիզնեսի շատ աստղեր կորցրել են իրենց թանկարժեք տները, հայտնում է Insurance Business-ը՝ վկայակոչելով JP Morgan-ի վերլուծաբանների գնահատականները:

Հրդեհի հետևանքով տուժել են Մել Գիբսոնը, Էնթոնի Հոփքինսը, Միլո Վենտիմիլիան, Ջոն Գուդմանը և Փերիս Հիլթոնը։

Pacific Palisades-ի բարձրակարգ թաղամասը, որն ամենաշատ տուժածն է, անցյալ տարի ապահովագրական սկանդալի թիրախում է եղել: Խոշոր State Farm ընկերությունը հրաժարվել է նոր պայմանագրեր կնքել «ոչ շահավետ պայմանների» պատճառով։

Տարածքի բնակիչների մեծ մասը ստիպված է եղել ընտրել ապահովագրության ոչ այնքան հայտնի ընկերությունների կամ պետական ​​FAIR ծրագրեր, որոնք  ցանկացած տան համար վճարումները սահմանափակում են մինչև 3 միլիոն դոլար:

Այժմ Կալիֆորնիայի ապահովագրության քարտուղար Ռիկարդո Լարան հայտարարել է, որ վերահսկողություն  է սահմանում ապահովագրողների կողմից պայմանագրերը խզելու և չերկարաձգելու դեպքերով՝ «ապահովելու, որ հրդեհներից տուժած մարդիկ հնարավորինս արագ ստանան իրենց հասանելիք վճարումները»:

Այնուամենայնիվ, սա վճարումների միակ խնդիրը չէ. CNN-ը նշում է, որ որոշ բնակիչներ  Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) կայքում անհատական փոխհատուցում են պահանջում, սակայն հանդիպում են «սխալների» և մերժումների: