Վերջին մի ամիսը իշխող կուսակցության, ավելի ստույգ` նրա խորհրդարանական խմբակցության ներսում կատարվողը մասնավորապես ինձ համար ամենեւին նոր բան չէ: Համանման երեւույթներ միշտ էլ կատարվել են իշխանության ղեկին մոտ կանգնած բոլոր այն կուսակցություններում, որոնք երկար ժամանակ իշխանություն լինելով` միշտ էլ իրենց ներսում շահերի բախում են ունեցել, պառակտվել, երկատվել, եռատվել, ու թեման միշտ եղել է այն, որ ինչ-որ բան լավ չեն կիսել իրար մեջ: Բնականաբար այդ պառակտումները միշտ ուղեկցվել են տարբեր գաղափարական, հայեցակարգային մոտեցումների բլա-բլա-ներով, մինչդեռ իրականությունը միշտ ավելի պրոզաիկ, ավելի նյութական է եղել: Այդ պառակտումները միշտ ավարտվել են կուսակցությունների թուլացմամբ, առնետավազքով, իշխանության ուրվագծի փոփոխությամբ ի վերջո: Բացառություն չէ ՔՊ-ում տեղի ունեցողը` դժվարն առաջին անգամ տաբուն կոտրելու քայլն է, որն արել է Հովիկ Աղազարյանը: Նրա հետեւից` նրա մտերիմ պատգամավոր Հակոբ Ասլանյանի` Աղազարյանին պաշտպանելու փորձն էր, հաջորդած` երկուսին էլ հեռացնելը ՔՊ-ից:
Ահա՛ եւ ՔՊ-ի դեպքում էլ ջինը շշից բաց է թողնվել, եւ դեռ ոչ մեկին չի հաջողվել անցյալում էլ, հիմա էլ ջինը շիշ վերադարձել, վստահ ենք` ուրիշներն էլ հետեւելու են Աղազարյանին եւ Ասլանյանին: Ուրիշ բան, թե արդյոք պրոցեսն ինքնուրույն է սկսվե՞լ, թե՞ դրսի ուղղորդումներով, համենայնդեպս` հենց Աղազարյանն է խոսել Մոսկվայի իր ընկերոջից սպասած զանգից: Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ անարգել գործունեություն են ծավալում արտաքին խաղացողների սատելիտները, ավելին` նրանք կառավարությունում եւ Ազգային ժողովում են, ավելին` ողջ ուժային բլոկն է լցվում արեւմտյան մկրտություն անցած երիտասրդ կանանցով (ինչպես ասում են` որպես ժամանակի իգության նշան), ու արտաքին խաղացողնրի` միմյանց դուրս մղելու պայքարն արդեն մեր տներ է հասել:
Ասենք նաեւ, որ մեծ ցանկության դեպքում կարելի է կապ գտնել այդ գործընթացների եւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը մինչեւ հաջորդ տարի հետաձգելու մեջ, որը հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանը նախապես խոստացել էր դեկտեմբերի վերջին: Կուլիսային խոսակցություններով ՔՊ խմբակցությունում մի քանի անդամների եւս դեղին քարտ ցույց տալու մտադրություն կա, հավակնորդների թվում Քոչարյանը եւս կա, մինչդեռ պաշտոնի բերումով պատերազմի հետ կապված անձանց (այդ թվում`ղեկավարների) վերաբերյալ հավանաբար նա այնքան կոմպրոմատ ունի, որ զեկույցի` այս կամ այն բացվածքով ներկայացնելը նրա ալիբին կարող է դառնալ: Համենայնդեպս` նրա նյարդային արձագանքները լրագրողների հարցերին եւ այն միտքը, թե Քենեդու սպանությունն անգամ այսքան տարի հետո չի բացահայտվել, եւ թափանցիկ ակնարկը, թե միգուցե քառասուն տարի հետո, 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատուների մահից հետո, ինչ-որ բան բացահայտվի, հուշում է մեզ, որ պետք չէ առանձնակի հրապարակային բացահայտման սպասել քննիչ հանձնաժողովի զեկույցից: Է, ո՞վ էր կասկածում, հանձնաժողովները ստեղծվում են փաստերը կոծկելու համար (դրա համար էլ, որքան էլ ցավալի, հանրության մի մեծ շերտ հավատում է Դոգի բացահայտումներին), բայց, օրինակ, եթե ինչ-որ մեկը Անդրանիկ Քոչարյանի ոտքը տրորի` միգուցե ինչ-որ կոմպրոմատներ հոսեն ընդդիմադիր մամուլ: Դա էլ կերեւա արդեն եկող տարեսկզբին` չբացառելով նաեւ, իրավիճակը նկատի ունենք, որ յա էշը կսատկի, յա իշատերը:
Մեր մտահոգությունը, սակայն, ոչ թե ու ոչ այնքան այդ գործընթացները պիտի լինեն, որոնք Աղազարյանի շուրջ տեղի ունեցողի, մսի շոուի, տրանսպորտի եւ այլ թանկացումների հրահրած եւ հրահրելիք լարվածության հետ համատեղ ուղղակի ստվերել եւ ստվերելու են երկրի ճակատագրի տեսանկյունից շատ ավելի կարեւոր գործընթացներ, այլ հենց ներկա աշխարհաքաղաքական կացության հետեւանքով Հայաստանին սպառնացող վտանգների վրա հանրության ուշադրության հրավիրումը, հանրությանը սթափ ու ձիգ պահելը` վտանգներին դիմակա, որից հենց ուզում են տարբեր շոուներով հեռացնել մեզ:
Այդ վտանգները հստակ ուրվագծվում են հարեւան մեծքթանիի` Պուտինի խոսափող համարվող ռուս վերլուծաբան Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում, հայերիս համար աննպաստ ենթատեքստ ունեցող հարցերն էլ հնչեցնում էր այժմ արդեն Ադրբեջանի դաշնակից երկրի նախագահի մարդը, որի տված հարցերն իսկ կարծես ենթադրում են պատասխանի ուղղվածությունը: Մինչ մեծքթանիի մեսիջներն առ Հայաստան դիտարկելը, սակայն, հիշեցնենք ֆոնն այդ ուղերձների:
Սիրիայում տեղի ունեցողն, անշուշտ, աշխարհի վերաբաժանման` տասնամյակներ առաջ գծված մեծ պլանի իրականացման մաս է, եւ Ադրբեջանը, որպես Թուրքիայի դաշնակից, ինքն էլ իր նկրտումներն ունի: Աստված չանի` Սիրիայում սոդոմ-գոմորն ավելի խորանա եւ տարածվի հարակից երկրներում, ինչի վտանգը կա, ու դա հրահրողների ախորժակն ամենեւին էլ հնարավոր չէ փակված համարել: Իսկ եթե Մերձավոր Արեւելքի վերաձեւման առկա քարտեզների իրացումից անկախ` Թուրքիան նաեւ իր սեփական` Մեծ Թուրանի ստեղծմանն ուղղված խաղն է խաղում, ապա իր եղբայր Ադրբեջանի հետ ձմեռային տեղանքի պայմաններում անցկացրած համատեղ զորավարժությունների փորձը կարող է եւ ուղղորդել Հայաստանի հարավի հանդեպ կիրառելուն: Ոչ ոք, եւ ոչ մի խաղաղության օրակարգ երաշխիք չեն, որ դա մոտակայում, նույնիսկ ասենք ամանորյա կերուխումին տրված հայերիս պարագային, Նոր տարվա օրերին չի կարող կատարվել: Ամեն ինչ կախված է նրանից, թե Սիրիայում մոտակա ժամանակաշրջանում կամրապնդվի՞ կայուն իրավիճակը, թե՞ ընդհակառակը: Ամեն դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր տեսակի զարգացումներին, հայ հանրության ողջամիտ հատվածը, անկախ պետության ղեկավարության պահվածքից, պետք է զգոն ու սթափ լինի, հիշելով Արցախի հետ կատարվածը:
Եւ այսպես` հարեւան մեծքթանին Հայաստանի անվտանգությանը վերաբերող պետական գաղտնիքների արտահոսք է կազմակերպել (Աղազարյանի ականջը կանչի)`«ՀՏրրՌÿ րպչՏՊվÿ» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում բացահայտելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող փաստաթղթի չհամաձայնեցված կետերը: Դրանք են միմյանց դեմ միջազգային հայցերից հրաժարումն եւ օտարերկրյա կոնտիգենտի ներկայացուցիչների բացառումը Հայաստանի սահմաններին, սրանք պահանջում է Ադրբեջանը:
Նա նաեւ պնդել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվի, քանի որ այնտեղ տարածքային պահանջներ կան իր երկրի նկատմամբ, ապա եւ կրած վնասի թիվ հրապարակել` 150 միլիարդ դոլար, որ հայերը հասցրել են իբրեւ թե մեծքթանիի երկրին` նրա տարածքը «օկուպացնելու» տարիներին:
Ահա այսպես. ո՞վ զրկվի հայրենիքից, ով միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք, պատրաստի- սարքած գյուղեր, քաղաքներ, հյուրանոցներ ու ՀԷԿ-եր, գործող ենթակառուցվածքներ նվիրի մեծքթանիի երկրին, ո՞վ խոսի կրած վնասից եւ փոխադարձ հայցերը հետ քաշելուց:
Մեծքթանին նաեւ խոսել է 300 հազար ադրբեջանցու վերադարձից: Տեսե՞լ եք` Հայաստանի որեւէ ղեկավար խոսի Բաքվից, Գանձակից, Նախիջեւանից եւ հիմա էլ Արցախից տեղահանված ընդհանուր թվով 600 հարյուր հազար եւ ավելի հայերի վերադարձից իրենց նախկին բնակության վայրեր:
Ո՞վ է տալու այս բոլորի պատասխանը: Հարցը գրել էինք` տեսանք, որ վարչապետ Փաշինյանը հարցազրույցի ձեւաչափով անդրադարձ է անելու Ալիեւի ասածներին, այդ ընթացքում` միգուցե ՌԴ նախագահն իր ամենամյա հարցուպատասխանում Հայաստանի վեաբերյալ դիտարկումներ արած լինի, երեւի դա եւս թեմա կլինի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.