Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ծառայության ընթացքում գտա դեն նետված, վնասված ու ժամանակի փոշու մեջ մոռացված գրքերի թափոններ։
Ազատ ժամանակ կարդում էի (եթե հնարավոր էր կարդալ մաշված թերթերից), մտքով ճամփորդում ժամանակի մեջ, բացահայտում, ինչ-որ դեպքերում կռիվ տալիս կամ համաձայնում, ապրումակցում։
Տարբեր իրավիճակներ էին, տարբեր հոգեվիճակներ։
Այդ ընթացքում զանազան նյութեր՝ թղթեր, խաղալիքներ, կենցաղային իրեր և այլն, ինքնաբերաբար դարձան միջոց՝ ամենատարբեր թեմաների շուրջ իմ սեփական պատկերացումներն ու հույզերը հավաքելու, մեկտեղելու համար։
Հետզհետե նյութը դարձավ դոմինանտ, քանզի յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը, հիշողությունը, և նյութն էր հուշում ձևն ու բովանդակությունը։ Սեփական մտքերիս ու նյութի երկխոսության արդյունքում սկիզբ առան գրաֆիկաների, ապա՝ կոլաժների շարքերը։
Այդպիսով, ցուցադրության յուրաքանչյուր պատկեր շրջապատող իրականությունը նորովի վերաձևելու, կուտակված բազմաթիվ հարցերին պատասխանելու, բացատրություններ փնտրելու փորձ է՝ վերաիմաստավորման հնարավորություն։
Դա դժվարին պահին կորսված աշխարհը, ձևը, եղանակը, կյանքը, գեղեցիկը վերագտնելու ճանապարհն էր/է։
Գեղեցիկը ստեղծվեց մոռացվածից, մոռացվածն էլ օգնեց գտնել կորցրածը։
ԼԵՈ
Լեո Քալաշյանի ստեղծագործությունները ցուցադրվում են «Թերլեմեզյան»պատկերասրահում։ Ցուցահանդեսի համադրողներն են Հասմիկ Կարապետյանը և Մերի Սահակյանը. գրաֆիկական դիզայներ՝ Նարեկ Ասլիկյան, համակարգող՝ Ելենա Մովսեսյան։