Սիրիայում իսլամիստական զինված խմբավորումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Հալեպն ու շարունակում են առաջ շարժվել:
Ստեղծված իրավիճակը լրջորեն մտահոգում է Իրանին, որի պատճառով էլ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շտապեց այցելել Սիրիա: Դամասկոսում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ նախագահ Բաշշար Ասադի հետ, որից հետո մեկնեց Թուրքիա՝ իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ սիրիական ճգնաժամի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով: Իրանական եւ թուրքական մամուլն անդրադարձել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց առանցքում ճգնաժամը դիվանագիտական միջոցներով հանգուցալուծելու վերաբերյալ երկուստեք ստանձնած հանձնառությունն էր:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր երկրի անվերապահ աջակցության մասին է հայտնել եւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը գնահատել որպես Իրանի տարածաշրջանային ռազմավարության խնդիր: Նա իր սիրիացի գործընկերոջը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին աջակցություն ցուցաբերելու Իրանի ստանձնած պարտավորությունների մասին է հավաստիացրել ու ընդգծել. «Հավատացած ենք, որ այս անգամ էլ Սիրիային կհաջողվի չեզոքացնել երկրի ապակայունացմանը միտված Իսրայելի խարդավանքները եւ այդ ճանապարհին Իրանը կանգնած է լինելու Սիրիայի կառավարության ու ժողովրդի կողքին»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ահաբեկչության դեմ արդարացի ու վճռական պայքարի հարցում շարունակելու է հաստատակամորեն աջակցել Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին:
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հարցերով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով ԻԻՀ ԱԳ Նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ նաեւ կմեկնի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
Իրանն ստեղծված իրավիճակից մտահոգվելու լուրջ պատճառներ ունի: Եթե Սիրիայի կառավարությունը վերջնականապես կորցնի իր հսկողությունը Հալեպի վրա, եւ Բաշշար Ասադը հայտնվի անելանելի վիճակում, Իրանն ստիպված է լինելու իրավիճակից բխող քայլեր ձեռնարկել: Այս պահին դժվար է ճգնաժամի մեջ Իրանի ներգրավվածության հետեւանքների մասին կանխատեսումներ անել: Սակայն հստակ կարելի է ասել, որ այդ դեպքում Իրանի ու Իսրայելի միջեւ պրոքսի պատերազմի նոր ճակատ կբացվի: Սակայն, այս անգամ պրոքսի պատերազմի մեջ, ի դեմս Թուրքիայի, կհայտնվի նոր խաղացող: Իսկ Թուրքիայի ներգրավվածությունն այս պատերազմում իրավիճակին ավելի սուր բնույթ կհաղորդի:
Թուրքիան դեռեւս 2011 թվականին սկիզբ առած սիրիական ճգնաժամը փորձում էր օգտագործել իր հեռագնա նպատակների համար: Այդ օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռուստաելույթներից մեկի ժամանակ խոսել էր իր համբերության բաժակը լցվելու մասին եւ ակնարկել Սիրիայի՝ Օսմանյան կայսրությանը մաս կազմելու եւ այդ երկրի նկատմամբ իր ունեցած հավակնությունների մասին:
Այսօր Էրդողանն իր երազանքների իրականացման համար աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի նպաստավոր է տեսնում: Նա հակառակ ՀԱՄԱՍ-ին ու Հըզբոլլահին հովանավորելու մասին իր ակնհայտ ձեւական բնույթ ունեցող հայտարարությունների, Գազայում ու Լիբանանում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ շարունակում էր լոգիստիկ հարցերում աջակցել Իսրայելին:
Բոլորին է հայտնի, որ Թուրքիան միջազգային հանրությանը ներկայանում է որպես Իսրայելի ոխերիմ թշնամի, բայց մշտապես ստանձնել ու ստանձնում է Իսրայելի պաշտպանի դերակատարությունը: Այլ կերպ ասած՝ Թուրքիան խոսքով Իսրայելի ամենամեծ թշնամին է, իսկ գործնականում՝ ամենամոտ գործընկերը: Անգամ Իսրայելին աջակցելու հարցում Թուրքիան երբեմն ԱՄՆ-ից էլ է առաջ անցնում: Փորձագետների պատկերավոր գնահատումով, վերջին 70 տարիներին Իսրայելը ՆԱՏՕ-ի հետ միասին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ հետեւողականորեն նվաճել է Թուրքիան:
Էրդողանի կառավարության որդեգրած քաղաքականության հետեւանքով, Սիրիան ժամանակ առ ժամանակ վերածվում է ահաբեկչական գործողությունների թատերաբեմի, որի նպատակն է հյուսիսային սահմաններում ապահովել Իսրայելի անդորրը:
Այժմ էլ, Սիրիայում ճգնաժամի ահագնացմանը զուգընթաց, Թուրքիան փորձում է Իսրայելի օգնությամբ մեկ ընդ միշտ Իրանին զրկել Միջերկրական ծովում իր ներկայությունն ապահովելու հնարավորությունից:
Էրդողանը վերջերս էր հայտարարել, որ Թուրքիան մտադիր է Միջերկրականից մինչեւ Իրանի սահմանը կառուցել անվտանգության պատ, պատճառաբանելով, որ այդ նախագծի նպատակն է կանխարգելել ահաբեկիչների մուտքը Թուրքիա:
Ամփոփելով թեման, նշենք, որ ներկայիս սիրիական ճգնաժամի հարցում Անկարայի դերակատարությունն անհերքելի է: Փորձագետների կարծիքով, առկա են հավաստի փաստեր այն մասին, որ մի շարք երկրների հետ միասին Թուրքիան ռազմական ու ֆինանսական օգնություն է ցուցաբերում իսլամիստական զինված խմբավորումներին, որոնցից ամենագլխավորը «Թահրիր աշ-Շամ» կազմակերպությունն է: Սակայն Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար Թուրքիան փորձում է ներկայացնել իր քայլերն արդարացնող մտացածին փաստարկներ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ