Մարդկային գործունեության ամեն մի բնագավառ ժամանակ առ ժամանակ կարիք է զգում իր պարփակած նմուշների հավաք ցուցակագրման ու ներկայացման, բացառություն չէ նաեւ կինոարվեստը. ինչ խոսք, այդ հավաք ցուցակագրմանն ու ներկայացմանը լիապես արժանի բնագավառներից է 100-ամյակը գերազանցած հայ կինոն:
Նման փորձ առաջինն արել է հայկական շարժանկարի ռահվիրաներից մեկը՝ Դանիել Դզնունին՝ անցյալ դարի 60-ականների սկզբին: Վերջինս կազմել է նախորդ 35 տարվա կինոպաշարի հիմնականում հավաստի ֆիլմացանկը, ինչպես նաեւ հայ կինոյին վերաբերող գրքերի եւ հոդվածների մատենագիտությունը: Թեպետ Դզնունու կազմած ֆիլմացանկը սպառիչ չէ, քանզի ընդգրկում է հիմնական ստեղծագործական կազմը եւ ոչ բոլոր դերակատարներին, այնուհանդերձ մեծապես օգնում է մեր խոսք ու զրույցի առարկա կատալոգը կազմող խմբին. կատալոգը թերթելիս նկատվում է, որ վերջին 65 տարում նկարահանված հայկական ֆիլմերի թիվը մի քանի անգամ ավելին է, քան նախորդ 35 տարվանը: Բավական է նշել, որ Դզնունու ամբողջ ֆիլմացանկը հրատարակվել է որպես «Հայկական կինոարվեստը» ժողովածուի ընդամենը 24-էջանոց հավելված:
«Հայկական կինո» կատալոգի առաջին եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) հրատարակությունը (հիմնական խմբագիրներ՝ Միքայել Ստամբոլցյան, Սուսաննա Հարությունյան) լույս է ընծայվել 2000 թ. Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ. ներառում է 1924-1999 թթ. նկարահանված հայկական ֆիլմերը: «Հայկական կինո» կատալոգի երկրորդ հրատարակությունը (ծրագրի ղեկավար՝ Հարություն Խաչատրյան) լույս է տեսել 2009 թ.՝ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ. համալրված է 2000-2008 թթ. նկարահանված հայկական ֆիլմերով:
2023-ին Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի ջանքերով «Հայկական կինո-100» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով լույս աշխարհ է գալիս 3-րդ՝ լրամշակված «Հայկական կինո | խաղարկային | անիմացիոն | վավերագրական. 1924-2023» երկլեզու (հայերեն-անգլերեն) կատալոգը, որ փորձ է մեկ գրքով հրամցնելու 100-ամյա հայ կինոհարստության առավել ամբողջական նկարագիրը՝ ներառելով 1924-2022 թթ, մասամբ 2023 թ. Հայաստանում կամ Հայաստանի հետ համատեղ արտադրված ավելի քան 3100 խաղարկային, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հնարավորինս սպառիչ տեղեկատվություն:
Կատալոգն ընդգրկում է ֆիլմերի հետեւյալ տվյալները՝ անվանումը, արտադրության տարին՝ այբբենական կարգով, արտադրող ստուդիան, տեսակը (նշված է բաժնի խորագրում), ժանրը (եթե նշվել է արտադրողի կողմից), տեւողությունը՝ րոպեներով, մետրաժը (ժապավենային ֆիլմերի դեպքում) եւ մի շարք այլ տեխնիկական տեղեկություններ, ինչպես նաեւ նկարահանող խմբի կազմը, դերասանների ու նրանց մարմնավորած դերերի անունները եւ համառոտ ծանոթագրություն բովանդակության վերաբերյալ (անոտացիան): Կա նաեւ ֆիլմերի անվանումների այբբենական ցանկ:
Երրորդ հրատարակման ծրագրի ղեկավարը Սուսաննա Հարությունյանն է, պատասխանատու խմբագիրները՝ Միքայել Ստամբոլցյանն ու Սուսաննա Հարությունյանը, վերահրատարակման խմբագիրները՝ Սոնա Կարապողոսյանն ու Արթուր Վարդիկյանը: Կատալոգի առաջին հրատարակության ուղղությամբ աշխատել են Սվետլանա Գուլյանը, Վլադիմիր Բադասյանը, Անետա Երզնկյանը, Անահիտ Արփենը (Անահիտ Թադեւոսյան), Ռուզան Զաքարյանը, Զավեն Բոյաջյանը, Սուրեն Հասմիկյանը, Դավիթ Մուրադյանը, Սիրանուշ Գալստյանը, Վալերի Գասպարյանը, Ռուզան Ամիրաղյանը, Իրեն Նալբանդյանը, Տաթեւիկ Մանուկյանը: Վերահրատարակման ուղղությամբ աշխատել են Անետա Երզնկյանը, Անահիտ Արփենը (Անահիտ Թադեւոսյան), Նաիրա Մովսիսյանը, Ալեքսանդր Չոբանյանը: Հայ կինոյի այս մեծ անձնագիրը ստեղծելիս աշխատախումբը բախվել է բազում խնդիրների ու բարդությունների: Երբ հայտարարվել է տեղեկության հավաքագրումը, շատերը չեն արձագանքել, ինչից հետո խումբի անդամները մեկ առ մեկ զանգահարել, ճշտումներ են արել ֆիլմերի վերաբերյալ: Երրորդ հրատարակությունը կազմողները մասամբ թարմացրել են նախորդ հրատարակություններում եղած տեղեկությունները:
Նոր կատալոգի համար տեղեկատվության ակունք են եղել Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Հայկ» վավերագրական ստուդիան, ՀՀ Հանրային հեռուստատեսությունը, ինչպես նաեւ հայկական անկախ կինոարտադրողներն ու կինոստուդիաները: Աղբյուրների շարքում է ԽՍՀՄ (հետագայում՝ Ռուսաստանի) Պետֆիլմաֆոնդի կողմից հրատարակված խորհրդային խաղարկային ֆիլմերի՝ 1917-1983 թթ. ընդգրկող բազմահատոր ֆիլմացանկը: Կազմողների համար տեղեկատվության աղբյուր են հանդիսացել հիմնականում մոնտաժային ամփոփագրերը եւ ֆիլմերի ենթագրերը, որոնք հայթայթվել են կինոստուդիաներում եւ Հայաստանի ազգային ֆիլմադարանում: Ֆիլմերի երեւանյան պրեմիերաների տվյալների մասով, ինչպես եւ ստեղծագործողներին վերաբերող մի շարք ճշտումներ անելիս կազմողներն օգտվել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ Կինոյի տան արխիվային նյութերից: Այս հայեցակետից անգնահատելի են նաեւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահվող նյութերը:
Կատալոգի շնորհանդեսը տեղի է ունեցել այս տարի՝ Երեւանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Ընդհանուր առմամբ խոսելով այս հրատարակության մասին՝ կարող ենք ասել՝ ժամանակին Միքայել Ստամբոլցյանի մեջ ծագեց միտք ու նախանշվեց երկար մի ուղի, որ հարթ չէր լինելու, այլ քարքարոտ ու տատասկոտ: Եվ անցնել էր պետք այդ ուղին՝ մտքի տվածը իրեղեն դարձնելու համար՝ հանուն հայ կինոյի, հանուն հայ արվեստի, հանուն գեղեցիկի ու հանուն հայ ժողովրդի:
Հսկայածավալ աշխատանք է կատարել գրային այս շտեմարանն արարած խումբը, ստեղծել կուռ-կառուցիկ մի ամբողջություն, 424 էջում կարգաբերված անմահացրել գրեթե մի ողջ կինոդար, տվել հայ կինոյի ասպարեզում թափված գրեթե 100-ամյա քրտինքի յուրօրինակ տարեգրություն-գրանցամատյան-հաշվետվությունը, որ մեծաշահ գործընկեր է այլեւս հայ կինոգիտության աշխարհում լուսասփռումների ելած ու ելնող ճրագակիրների համար:
Որպես կինոսեր մաղթենք, որպես կինոարարող ջանանք, որ հայ շարժանկարի քուրան լինի հարատեւ բեղուն, ծնունդ տա նոր արժեքների ու գանձերի, եւ մշտապես առաջանա նոր պահանջ նման շտեմարաններ ունենալու: Իսկ այս նվիրյալ խմբի աշխատանքը մի քանի բառով կարող ենք բնութագրել՝ պարտուպատշաճը հայ կինոյին:
ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)
Բան. գիտ. թեկնածու