Սիրիական բանակը շաբաթ օրը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը ներխուժել են Հալեպ քաղաքի մեծ հատվածներ հարձակման արդյունքում, որի հետևանքով զոհվել են տասնյակ զինվորներ՝ ստիպելով բանակի վերատեղակայումը, ինչը նախագահ Բաշար ալ-Ասադի համար վերջին տարիների ամենալուրջ մարտահրավերն է, հաղորդում են Reuters-ը և Al Arabiya-ն:
Թուրքիայի կողմից աջակցվող իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման անսպասելի հարձակումը ցնցել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի ճակատները, որոնք հիմնականում սառեցված են 2020 թվականից ի վեր՝ վերսկսելով մարտերը կոտրված երկրի մի անկյունում՝ թուրքական սահմանի մոտ:
Սիրիական բանակը հայտարարել է, որ պատրաստվում է հակահարձակման՝ վերականգնելու պետական իշխանությունը:
«Ահաբեկիչների մեծ թիվը և մարտական ուղղությունների բազմությունը դրդեցին մեր զինված ուժերին իրականացնել վերատեղակայման գործողություն՝ ուղղված հարձակումը հետ մղելու պաշտպանական գծերի ամրապնդմանը, խաղաղ բնակիչների և զինվորների կյանքը փրկելու և հակահարձակման նախապատրաստվելու համար», – հաղորդում են լրատվամիջոցները` վկայակոչելով բանակի աղբյուրը:
Բանակը հայտնել է, որ ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Հալեպի մեծ մասը, սակայն բանակի հրետակոծությունները թույլ չեն տվել նրանց հաստատուն դիրքեր հաստատել:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով իսլամիստների շրջանում աղբյուրները, խմբավորումները գրավել են նաև Իդլիբ նահանգի Մարատ ալ-Նուման քաղաքը՝ վերահսկողության տակ վերցնելով ողջ գավառը։
Սիրիական երկու ռազմական աղբյուրներ հայտնել են, որ ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները շաբաթ օրը հարվածներ են հասցրել իսլամիստներին Հալեպի արվարձաններից մեկում:
Իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը և քաղաք տանող ճանապարհները, հայտնել են երկու ռազմական աղբյուրներ և բանակի երրորդ աղբյուրը: Սիրիական բանակին հրամայվել է կատարել «անվտանգորեն հետ քաշվելու» հրամանը քաղաքի հիմնական տարածքներից, որտեղ ներխուժել էին իսլամիստական ուժերը։
News.am