Բախտագուշակ
Գուշակություն անելու համար կարելի է դիմել մարմնի գրեթե բոլոր անդամների օգնությանը: Պատահում է, երբ տեղի ունենալիք դեպքի մասին «ՍԻՐՏԴ է վկայում»: Կապված լավ ու վատ իրադարձությունից՝ «ձախ կամ աջ ԱՉՔԴ է խաղում»: Երբ «ձախ ՁԵՌՔԴ է քոր գալիս», հասկանում ես, որ գումար ես կորցնելու: Ոտքիդ քոր գալն էլ զգուշացնող հատկություն ունի: ՈՂՆՈՒՂԵՂՆ էլ ( ) ռուսներին է ահագնացող վտանգների մասին զգուշացնում: Իրանցիների մոտ քթի ծայրի քոր գալը հյուրընկալվելու նշան է: Ընդհանրապես, ՔԻԹԸ, որից փռշտոց է դուրս գալիս, քեզ հուշում է, որ պետք է սպասել: Ապագան կանխորոշելու համար նաեւ կարելի է «ԵՂՈՒՆԳ նայել» կամ «ՄԱՏԻՑ հոտ քաշել»: Իսկ ԱԿԱՆՋԸ՞:
Ականջն ուղղակիորեն է կապված գուշակության հետ, քանի որ ԳՈՒՇԱԿ բառը պահլավերեն goak հոմանիշից է փոխառված, որի բաղադրիչը go (ականջ) արմատն է: Հին Պարսկաստանում տարածված է եղել մի ավանդույթ, համաձայն որի Նովրուզին երիտասարդները փողոց էին դուրս գալիս ու ականջ դնում պատահական անցորդներին, ու ականջին հասած առաջին բառի օգնությամբ էլ փորձում ապագայի մասին գուշակություններ անել: Այդ ավանդույթը կոչվում էր Ֆալ-գուշ (բախտագուշակություն): Պետք է գոհ լինենք, որ այդ ավանդույթից մենք միայն պահպանել ենք բառն ու բառիմաստը, իսկ ականջ դնելու արատավոր սովորույթը՝ վերապահել գաղտնալսողներին:
Գուշակությունից ու գեղագիտական նպատակներով ականջօղեր կախելուց բացի, մեր լսողական ապարատն ունի նաեւ այլ գործառույթներ, որոնց նշանակությունը մեր կյանքում անթերագնահատելի է: Երբ ուզում ենք մեր անելիքները հետաձգել, դրանք վերցնում ու «ականջի հետեւն ենք գցում»: Ի դեպ, իրանցիների մոտ էլ նույն սովորույթը կա՝ (posht-e gush andakhtan): «Ականջը ձայն տալուց» հասկանում ենք, որ աշխարհում կա մեկը, որ հենց այդ պահին քեզ է հիշել: Հեռավոր ճամփորդության մեկնած մեր սիրելիին սպասելիս, մեր բան ու գործը թողած, «ականջը պահում ենք դռանը»:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ