Դա նման է կռվի ժամանակ վիրավոր ընկերոջը մարտի դաշտում լքելուն: Մի բան՝ որը պատվախնդիր որեւէ մարդ, լինի զինվոր կամ նույնիսկ փողոցի խուժան, թույլ չէր տա իրեն, չէր լքի ընկերոջը հակառակորդի ողորմածությանը, կաներ ինչ-որ բան նրան փրկելու համար:
Անգլերենում կա նմաններին բնորոշող մի բառ՝ coward, որը նշանակում է՝ վախկոտ, երկչոտ, բայց նաեւ՝ վատոգի: Միայն նման բնորոշում կարելի է տալ նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնության արարքին: Մեր պետականության համար իսկական պատուհաս դարձած ՔՊ-ական խմբակը միաձայն եւ միահամուռ մերժեց ընթացք տալ Բաքվի բանտերում ավելի քան մեկ տարի կտտանքների եւ անարգանքի ենթարկվող արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության եւ գերեվարված մյուս պատանդների ազատարձակումը պահանջող ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած օրինագծին: Առարկությունը՝ «նման հայտարարությունը ի՞նչ կփոխի գերեվարվածների կյանքում»… Ճիշտ այնպես՝ ինչպես BRICS-ի կազանյան համաժողովում, ըստ մամուլ թափանցած լուրերի, ի պատասխան Ռուբեն Վարդանյանի ազատարձակումը ինչո՞ւ չի պահանջում Ալիեւի հարցին, Փաշինյանն էր ասել՝ քանի որ չեք տա: Մինչդեռ ժողովրդային իմաստուն փորձառությունը նման պարագաներում թելադրում է՝ դու պահանջիր, ինքը թող մերժի, դրանով իսկ պարտք կմնա քեզ:
Առարկությունների շարքում, խորհրդարանի այդ նիստի ընթացքում, շեդեւրը (chef-d oevre) հնչեց Կիլիկյան թագավորության հիմնադիր տոհմի անուն-ազգանունը կրող ՔՊ-ական պատգամավորի կողմից: Նա ամբաստանեց օրինագիծը ներկայացնող կողմին պատանդների հարցը «կապիտալի» վերածելու համար: Այսինքն, եթե օրինագիծն ընդունվի, ապա ընդդիմադիրները կշահեն, եթե չընդունվի, կկորցնեն թանկագին «կապիտալը»: Հետեւաբար, պետք է մերժել օրինագիծը: Քանի որ, թուրք բանագնաց Քլըչի հայ արքադաշի տրամաբանությամբ, ավելի լավ է գերեվարվածները փտեն թուրքական բանտերում, քան թե ընդդիմությունը վաստակի «կապիտալը»:
Սպասում էի, որ պատգամավորներից մեկն ու մեկը, ընդդիմադիր թե իշխանական կողմից, վեր կկենա եւ խորհրդարանին կառաջարկի ընդունել նախագիծը եւ «ախպերավարի» կիսել «կապիտալը»: Չեղավ նման բան, քանի որ ընդդիմությունը ուժ չունի, իսկ իշխանականները՝ հրահանգ:
Ընդհակառակն: Վերջիններն ունեն հրահանգ-ուղեցույց, որով առաջնորդվում են Կոմկուսի նախանձին արժանի կուռ միասնությամբ, Առաջնորդի հրամանները հլու-հնազանդ կատարող, ինքնազուրկ՝ սեփական կարծիքից:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը, միշտ միեւնույն Առաջնորդի հրահանգով, մերժում է Արցախին եւ արցախահայությանը վերաբերող որեւէ նախագիծ կամ բանաձեւ: Դրանցից ամենակարեւորը, ես կասեի՝ ամենաճակատագրականը եղել է 2023 թ. մարտի 21-ին Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման վերաբերյալ ընդդիմության բերած հայտարարության մերժումը, երբ ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը ու լքեց դահլիճը: Դրանով փաստորեն (de facto) վավերացվեց Արցախն ու արցախցուն լքելու Ն. Փաշինյանի միանձնյա որոշումը: Այդ նիստում խորհրդարանը չանդրադարձավ նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմանը, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների երթեւեկը եւ ապահովելու նրանց կենսագործունեությունը, որով վերջ կտրվեր ազգաբնակչության սովահարությանը:
Հետեւանքը գիտենք բոլորս:
Տխուր հետեւանքը բացառված չէ նաեւ այս անգամ, երբ մերժվում է 32 մեր պատանդների ազատարձակման պահանջագրի ընդունումը, մերժվում է միանալ միջազգային կազմակերպությունների, միջազգային ամենահեղինակավոր դեմքերի հայտարարություններին, մերժվում է դիվանագիտական որեւէ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ, մանավանդ այս օրերին, երբ Բաքվում, գոնե համաշխարհային մամուլի մակարդակում, երկրագնդի տաքացման հարցի քննարկումներից ավելի արծարծվում են ալիեւյան վարչակարգի չարագործությունների, մարդու եւ ազգերի իրավունքների խախտումների, պետության կոռումպացվածության հետ կապված փաստերը:
Կարող էինք միասնաբար շահել «կապիտալը»:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ