Հայաստանի խորհրդարանում եկող տարվա բյուջեի նախագծի երեքօրյա քննարկումը ընդդիմության եւ իշխանության միասնական ջանքերով վերածվեց ոչ թե նախագծի թերի կողմերը լիարժեք վեր հանելուն, այդ թվում` Հայաստանի ահռելի արտաքին եւ ներքին պարտքի, ներդրումների ներգրավման անհաջող հետագծի կամ արտադրական նոր կարողությունների չգոյության եւ այլն, այլ պարզապես հերթական գաղափարական բախման, որն ավելի առարկայացավ վարչապետ Փաշինյանի ելույթների շուրջ: Կողքից նայողի համար կարող էր թվալ, թե առնվազն մոտակա տասնօրյակում ընտրություններ են տեղի ունենալու, եւ ամեն կողմի համար վերջին հնարավորությունն է` ցուցադրելու մյուս ուժի անձեռնհասությունն ու վնասակարությունը եւ սեփական բարեմասնությունները: Ինչպես , ի դեպ, սովորաբար եւ միշտ: Բայց դրանից տուժեց այն, որ մի շարք կարեւոր հարցերի պատասխանը, որ հանրությունը կարող էր բյուջեի քննարկման շրջանակում ստանալ, այդպես էլ տեղի չունեցավ:
Օրինակ, հանրությունը կուզենար իմանալ, թե ի՞նչ է մտածում Փաշինյանը այն ապաշնորհ պաշտոնյաների մասին, որոնց թեթեւ ձեռքով հասարակ մահկանացուներիս առանց այն էլ չնչին եկամուտներից մի ահռելի գումար տանելու է տրանսպորտի թանկացման փաստը հունվարից, ու ոչ ոք չհարցրեց նրան, թե մարդն ինչպես է ապրելու կոմունալ, հեռախոսային, ինտերնետային եւ տրանսպորտային թանկ սակագները վճարելուց հետո դատարկ մնացած սեփական բյուջեով: Այսինքն` կամա թե ակամա` էլի մեր կենսական եւ հիմնական խնդիրների շատ քիչ մասին հպվեց եռօրյա քննարկումը` իշխանական-ընդդիմադիր սովորական հակադրության պատճառով:
Իհարկե, ընդդիմության մեջ մշտապես կան երկու-երեք պատգամավորներ (նրանցից Արթուր Խաչատրյանն, օրինակ, եկող տարվա բյուջեն անվանեց պարտքով եւ երազներով ապրելու բյուջե), որոնք իրենց տնտեսական-վերլուծական եւ ըստ էության հարցադրումներով սթափեցնում են իշխանությանը, սակայն ընդհանուր պատկերը դրանից չի փոխվում: Կամ ինչո՞ւ Բաքվի կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ հաջողություն չգրանցեցին հայ ռազմագերիներին վերադարձնելու բանակցությունները: Կամ այդ գագաթնաժողովից հետո Հայաստանի սահմանին էսկալացիա սպասվո՞ւմ է, ինչպես ժամանակին հայտարարում էր Հայաստանի արտգործնախարարությունը:
Բավարարվենք կարեւոր մի քանի այն տեղեկությունների մի մասի դիտարկումով, որոնք, այնուամենայնիվ, առկա էին Փաշինյանի խոսքում:
Նախ ասենք, որ խորհրդարանում եւս Փաշինյանն իր սիրելի թեմաներով` իրական եւ պատմական Հայաստան, հարկ վճարողը հերոս է, եւ այլ համանման մտքերով նորից շարունակեց դասախոսություն կարդալ` իր ելույթի մեծ մասի ժամանակը դրանց տրամադրելով եւ վերը նշած հարցերին անդրադարձ չանելով: Չգիտենք ` ինչո՞ւ է պետք վարչապետ Փաշինյանին (որպես տեխնոլոգիա՞, քանի որ նա լավ տիրապետում է հանրության տրամադրություններն ուղղորդելու, կառավարելու տեխնոլոգիաներին) իրազեկ շերտերին զայրացնող այդ թեմաներն անընդհատ հրապարակ բերել, արդյոք հիմնական դժվարությունները բացահայտող թեմաները հանրությունից գոնե մասամբ հեռու պահելո՞ւ համար, թե՞ ոչ: Բայց մի բան կարելի է ասել այդ առումով. ոչ ոք պարտավոր չէ մտածել այնպես, ինչպես մեկ մարդ է մտածում, ընդ որում` հայերիս համար սխալական ու ցավոտ: Ավելին` ոչ միայն մտածում է, այլ իր վարքագծով ստիպում , որ մյուսներն էլ այդպես մտածեն, ու անգամ եթե չեն մտածում` այդպես արտահայտվեն, այդ թվում` սեփական նախարարները` երբեմն նաեւ ծիծաղելի վիճակներում հայտնվելով: Թե որո՞նք են հայկական ընդհանրական մոտեցումները` դրանք տարիներով, կրթությամբ ու դաստիարակությամբ, կենսակերպով են ձեւավորվում, այս կամ այն փիլիսոփայությանը հասնում են աստիճանաբար, եւ ոչ թե վարչահրամայական եղանակով կամ կառավարության նիստերին եւ ԱԺ-ում անվերջ այդ մասին խոսելով: Մի մարդ զոռով կամ ստիպելով չի կարող եւ չպետք է փորձի մտածողություն փոխել, դա լուրջ չէ, մանավանդ` սխալական, արհեստական, եթե չասենք` կամայական մոտեցմամբ: Ամեն մարդ այդ մասին տեսակետ թող ձեւավորի իր կրթության, գենետիկ հիշողության, հայրենասիրության աստիճանով: Եթե դու հայտնվել ես իշխանության ղեկին եւ այդպես ես մտածում, չարժե դա պարտադրել մեծամասնությանը, ավելի լավ է` այդ թեմաներով լռել եւ զբաղվել բուն գործադիրի պարտականություններով: Հայ հավաքականությունն ինքը կգտնի մոտեցումը տարիների ընթացքում, որը տրամաբանորեն պետք է լինի հայոց մեծ սփյուռքի, արցախահայերի եւ Հայաստանի քաղաքացիների բալանսավորված հաշվեկշիռը: Եթե ոչ ոք չի ասում Փաշինյանին այդ մասին` վախենալով զրկվել պաշտոնից, ես լրագրողի իմ դիրքից ասում եմ` այլեւս մի՛ հակադրեք իրական եւ պատմական Հայաստանները, ամեն մեկիս համար դա խիստ անձնական հարց է, բաներ կան, որոնց մասին պետք է լռել: Գործեք այնպես, ինչպես հարմար եք համարում, դրա գնահատականը կտա ժողովուրդը, բայց այս կարգի հարցերում լռելով: Իսկ համակարգային մտածողությունն, իրոք ռազմավարության եւ համակարգի խնդիր է, ոչ թե անձի: Էս վեց տարի է` մենքուդուք եք անում իշխանություն-ընդդիմություն, Արցախ կորցրինք, բազմաթիվ կյանքեր, լավ, էլի, հերի՛ք է, դուք բոլորդ պնդումն եք այն բանի, որ մեզ պետք է բոլորովին այլ որակի իշխանություն եւ ընդդիմություն:
Բայց կարեւոր բարձրաձայնումներ, այնուամենայնիվ, խորհրդարանում եղան: Նշելով, որ Հայաստանի Սահմանադրության բուն տեքստը որեւէ դրույթ Լեռնային Ղարաբաղի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի չի պարունակում` Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության միջեւ ըստ ընդունող սուբյեկտների հստակ աստիճանակարգային տարբերություն տեսավ: Այսինքն` եթե Անկախության հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից, ապա Սահմանադրությունն ընդունվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետության ժողովրդի կողմից: Մի խոսքով` Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, ըստ Փաշինյանի, միաժամանակ Փաշինյանը Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ տեսավ Ադրբեջանի Սահմանադրության մեջ, որի նախաբանում հղում կա 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին: Այդ ակտն իր հերթին հղում է անում 1918-ի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին` Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է արեւելյան եւ հարավային Անդրկովկասը:
Եւ աբսուրդը` 1919-ի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի եւ Լոռու մարզերի տարածքները մասամբ` այսօրվա Հայաստանի տարածքի շուրջ 60 տոկոսը: Սա հստակ տարածքային պահանջ է, որն ըստ Փաշինյանի փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Փաշինյանի հույսն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը, եւ որ` կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն միմյանցից տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ չառաջադրել: Նշելով, որ վերջին չհամաձայնեցված հարցերի մասին Հայաստանն իր առաջարկներն արդեն ուղարկել է Ադրբեջանին` Փաշինյանը նկատեց, թե խաղաղության պայմանագրի կնքումից հետո եթե ՀՀ ՍԴ-ն որոշի, որ այդ տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանը կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ: Իսկ եթե ՍԴ-ն համարի, որ համապատասխանում է Սահմանադրությանը, ապա այն կվավերացվի ԱԺ-ում: Ընդ որում` պայմանագիրը միջագային է, որն, ըստ Փաշինյանի, մեր ներքին օրենսդրությունից վեր է:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն արձագանքել էր երեւի հենց խորհրդարանում հնչածին, ասելով, որ խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, Սահմանադրությունը չի կարող հակասել որևէ միջազգային պայմանագրի եւ որ` միջազգային պայմանագիրը սովորական սահմանադրական ընթացակարգ է: Նա տեսականորեն չէր բացառել նաեւ սահմանադրության փոփոխությունը:
Մի խոսքով` այն ինչ վերեւում նկարագրվեց խաղաղության պայմանագրի հետ կապված, դեռեւս թեական մակարդակում է, եւ ոչ ոք չգիտե, թե տարածաշրջանային զարգացումների համատեքստում ի՞նչ վտանգներ կարող են ներկայանալ Հայաստանին: Էլ չասած, որ մեր պատմաբանները պարտավոր են արձագանքել եւ լրացուցիչ հստակություն մտցնել, թե Անտանտին ներկայացված Ադրբեջանի ի՞նչ քարտեզների մասին է խոսքը, երբ այդ թվականին Ադրբեջանը դեռ որպես պետություն հռչակված չէր:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներն` այստեղ. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ