Հունիսի 9-ին Երեւանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրըՙ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի նաեւ Մոնսերատ Կաբալիեի եւ մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը: Հունիսի 3-ին երգչուհին իր դստեր եւ ստեղծագործական խմբի հետ այցելեց Արցախ: Հունիսի 4-ին աշխարհահռչակ երգչուհուն ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահը կարեւորել է Մոնսերատ Կաբալիեի այցն Արցախ: Հանդիպմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: «Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլեւ քրիստոնեության պատմության արմատը: Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ»,- նշել է Մոնսերատ Կաբալիեն` ավելացնելով, որ այցելելու է Արցախի եկեղեցիները: «Ես այստեղՙ Ստեփանակերտում եմՙ որպես երգչուհի: Սակայն որպես մարդկային էակՙ ես ներկայացնում եմ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը… Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- ավելացրել է երգչուհին: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ սոպրանոն 1974թ. ճանաչվել է ՄԱԿ-ի պատվավոր դեսպան եւ 1991 թվականին` խաղաղության դեսպան (1991): Նա նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է (1994): Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մոնսերատ Կաբալիեին եւ նրա դստերը` Մոնսերատ Մարտիին, հայ ստեղծագործողի կողմից պատրաստված ոսկյա խաչեր նվիրեց, որոնք նրանք կրեցին Գանձասարի վանքում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից օրհնվելուց հետո: Այսօր երեկոյան երգչուհին, ստեղծագործական խումբը եւ արտերկրից ժամանած այլ հյուրերն այցելեցին նաեւ Շուշի, եղան Շուշիի Մայր տաճարում` Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, այնուհետեւ այցելեցին Նորավանք եւ վերադարձան Երեւան:
Նշենք, որ Մոնսերատ Կաբալիեին ուղեկցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տիկինըՙ Գոհար Սարգսյանը, եւ նախագծի հեղինակ, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը:
Ավելացնենք, որ մինչ այդ Արցախ էին այցելել անգլիացի աշխարհահռչակ բաս-կիթառահար, երգիչ եւ երգահան, «Deep Purple», «Black Sabbath» խմբերի նախկին անդամ, «Black Country Communion» սուպերխմբի ներկայացուցիչ, աշխարհահռչակ Գլեն Հյուզը (Glenn Hughes), Դերեկ Շերինյանը, հանրահայտ Ալ Բանոն, հայտնի տիեզերագնաց Չառլի Դյուկը (Charlie Duke)` «Ապոլոն-16»-ից, որ 12 լուսնագնացներից 10-րդն է, եւ իր առաքելությունը կատարել է 36 տարեկանում` լինելով ամենաերիտասրդ լուսնագնացը: Անցյալ տարի Ստեփանակերտ էր այցելել նաեւ շվեյցարացի աստղագնաց Կլոդ Նիկոլիեն: Հիշեցնենք, որ անցյալ տարի Գլեն Հյուզը, Դերեկ Շերինյանը եւ Dorians խումբը մեծ համերգ տվեցին Ստեփանակերտի հրապարակում: