Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
Հայտարարությունները մնում են թղթի վրա
«Հայաստանը համանախագահ երկրների հետ միասնական եւ վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով», Էնիսկիլենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երեկ արված համատեղ արդեն հինգերորդ հայտարարության առնչությամբ այսպիսի դիտարկում է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր մեկնաբանության մեջ:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայնՙ Նալբանդյանը նաեւ նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներիՙ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարների շարունակական ջանքերըՙ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»:
«Ինչպես եւ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, մենք եւս ափսոսում ենք, որ համաձայնության ձեռքբերման փոխարեն, Բաքվի միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չընձեռվեց առաջընթաց արձանագրելու 2011 թ. հունիսին Կազանի, 2011 թ. մարտին Սոչիի, 2010 թ. հոկտեմբերին Աստրախանի, 2010 թ. հունիսին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում», ասել է Նալբանդյանը: Նրա խոսքերով, Հայաստանը ընդունում է եռանախագահների մոտեցումը, որ անթույլատրելի է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջը շրջանակային պայմանավորվածության ձեռքբերման ձգձգումը:
Հայաստանը, ըստ արտաքին գերատեսչության ղեկավարի, շարունակում է վստահ լինել, որ վերջին չորս տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար եւ տեւական խաղաղ կարգավորման համար, եւ «որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, եւ դրանցից որեւիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը»:
Հայաստանը համաձայն է, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ` պատերազմի: Սակայն, Նալբանդյանի խոքերով. «Ցավոք, մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում»: «Մենք լիովին համամիտ ենք համանախագահ երկրներիՙ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ղեկավարների հետ, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը, եւ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել կայունության եւ խաղաղության հաստատմանը, ինչը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային համագործակցության եւ զարգացման համար», ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Նալբանդյանը մեկնաբանել է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, «որն ամեն առիթով կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքին», Հայաստանը բազմիցս է արտահայտել եւ, ի պատասխան Էնիսկիլենում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի եւ Ֆրանսուա Օլանդի կոչին, եւս մեկ անգամ «վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապեսՙ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման, եւ տարածքային ամբողջականության»:
Չնայած սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը, Նալբանդյանի խոսքով, շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ սադրանքներն Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին, «մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության եւ թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը եւ լարվածության աճին»:
Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի մեկնաբանությամբ, կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների շեշտադրումները:
Նալբանդյանի մեկնաբանության մեջ հիշատակվող հայտարարության համաձայնՙ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ափսոսանք են հայտնել, որ «ղարաբաղյան հակամարտության կողմերը մինչ օրս չեն կարողանում բանակցային գործընթացում լուծել առկա խնդիրները»: Համանախագահող երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել «թարմացված էներգիայով կենտրոնանալ դեռեւս բաց մնացած հարցերի լուծման վրա»:
Հայտարարության մեջ նաեւ ափսոսանք է հայտնվում, որ «կողմերը բանակցային գործընթացում շարունակում են ձգտել միակողմանի շահ ստանալուն», ընդ որում, գործընթացի հետագա ձգձգումը համարվել է անընդունելի:
Այս ամենով հանդերձ, համանախագահող երկրների ղեկավարները հիշեցրել են, որ բանակցվող բոլոր սկզբունքները պետք է դիտարկվեն միասին, համատեղ, որպես մեկ ամբողջություն, քանի որ որեւէ մեկին գերակայություն տալը «բացառում է հավասարակշռված որոշման ընդունումը»:
Իսկ որպես գլխավոր մնում է այն, որ կողմերը իրենց ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության, այլ ոչՙ պատերազմի: