Իրանական տեսակետներ
Չնայած աշխարհում Ադրբեջանի անկումային վարկանիշի, նոյեմբերի 11-24-ը նախատեսված է Բաքվում անցկացնել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը:
Ադրբեջանի կառավարությունը հակամարտության մեջ գտնվող աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել՝ միջոցառման անցկացման օրերին զենքերը վայր դնել: Սակայն մարդու իրավունքների ակտիվիստներն ու որոշ քաղաքական գործիչներ Ադրբեջանին մեղադրել են երեսպաշտության մեջ, վկայաբերելով ավելի քան 100 հազար արցախցիների վտարանդիության ու հայերի էթնիկ զտման փաստը: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի «Radio Farda» պարսկերեն ծառայությունը:
Նույն աղբյուրի համաձայն, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում Ադրբեջանի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիեւը «համաշխարհային զինադադարի» մասին իր երկրի խնդրանքի կապակցությամբ ասել է, որ զինադադարի նախաձեռնությունը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի դրա հետ:
Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցչական համաժողովը հյուրընկալելու Բաքվի ընտրությունը հիմնականում բացասական արձագանքի է արժանացել շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ անկախ ակտիվիստների կողմից:
Իրանի փորձագիտական շրջանակներում նույնպես համոզմունք կա, որ մի շարք հանգամանքներից ելնելով Ադրբեջանն այդ միջոցառումն անցկացնելու համար լավագույն ընտրությունը չէր:
Միջոցառումը Բաքվում անցկացնելը ոչ նպատակահարմար համարելու կապակցութամբ իրանցի վերլուծաբան Ահմադ Քազեմիի՝ Iranian Diplomacy-ում ներկայացրած տեսակետները բավականին ուշագրավ են:
Փորձագետի կարծիքով, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը միջազգային բնապահպանական իրավունքի կարեւորագույն ձեռքբերումներից է, որը բխում է միջազգային բնապահպանական իրավունքի հռչակագրերից եւ հիմնարար փաստաթղթերից, մասնավորապես Ստոկհոլմի հռչակագրից (1972 թ.) եւ Ռիո դե Ժանեյրոյի հռչակագրից (1992 թ.), որը վերաբերում է բնապահպանական մարտահրավերներին:
Ռիո դե Ժանեյրոյի հռչակագրի ընդունումից հետո այս հանդիպումների անցկացման կարգը, ըստ հոդվածագրի, հիմնված է այն տրամաբանության վրա, որ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարում առաջատար դեր խաղացած երկրներն ընտրվեն որպես համաժողովի հյուրընկալող երկրներ՝ այլ երկրների համար օրինակ ծառայելու նպատակով:
Սակայն, իրանցի փորձագետը համոզված է, որ Ադրբեջանը չի կարող դասվել շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարում առաջատար դեր խաղացած երկրների շարքում, քանի որ միջավայրի պահպանության ոլորտում Ադրբեջանը չունի այդպիսի պահանջները բավարարող ցուցանիշներ: Վերլուծաբանն իր միտքը պարզաբանելու համար հավելում է.
«Ըստ միջազգային կազմակերպությունների, Ադրբեջանի Հանրապետությունը նավթի անխնա արդյունահանման եւ խորհրդային ժամանակներից մնացած նավթային հին հարթակներ ունենալու եւ բնապահպանական չափանիշները չկիրառելու պատճառով ամենամեծ դերն ունի Կասպից ծովի նավթային աղտոտման գործում: Կասպից ծովում ջրի հոսքի առանձնահատկությունից ելնելով, Բաքվի կողմից վառելիքի արդյունահանման ժամանակ նավթի աղտոտվածությունը ծով մտնելու դեպքում, անխուսափելիորեն աղտոտումը հոսում է դեպի իրանական ափ: Ադրբեջանի ոչ ստանդարտ նավթային գործունեության պատճառով ամեն տարի հազարավոր տոննա նավթ է արտահոսում Կասպից ծով, ինչն էլ մի քանի կիլոմետրանոց բծերի ձեւավորման պատճառ է դառնում: Սակայն Բաքուն հրաժարվում է վճարել Իրանի ափերի նավթային աղտոտվածության համար միջազգային օրենքներով նախատեսված փոխհատուցումը: Ընդ որում, Իրանը Կասպից ծովում նավթ արդյունահանելու հնարավորություն չունեցող միակ երկիրն է»:
Իրանցի վերլուծաբանն իր հոդվածում անդրադառնում է Ադրբեջանի Գյադաբեյ շրջանի Սոյուդլու գյուղում տեղի ունեցած բնապահպանական աղետալի վիճակին, ներառյալ քաղցկեղի տարածմանն ու հարյուրավոր մարդկանց մահվան դեպքերին, գյուղատնտեսական մթերքներին ու մեղվագործությանը հասցված վնասներին, ոսկու արդյունահանման հանքավայրի թափոններից առաջացող ցիանիդի եւ թունավոր այլ նյութերի արտահոսքին, շրջակա միջավայրի նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած անտարբերությանն ու երկրում տիրող բնապահպանական աղետալի վիճակին վերաբերող այլ դեպքերին:
Ահմադ Քազեմին նաեւ տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ամենամյա համաժողովները փոխկապակցված են ոչ միայն բնապահպանական իրավունքների, այլեւ մարդու իրավունքների ու մարդու էկոլոգիական իրավունքների հետ: Իսկ Ադրբեջանը ո՛չ միայն խախտել է միջազգային բնապահպանական իրավունքի սկզբունքները, այլեւ մարդու իրավունքների ոլորտում գրանցված Բաքվի ցուցանիշները խիստ բացասական են:
Որպես օրինակ, վերլուծաբանն անդրադառնում է Ադրբեջանի շիա մահմեդականների իրավունքների ոտնահարմանն ու բռնաճնշումներին, որոնք երկրի բնակչության 80 տոկոսն են կազմում: Ըստ վերլուծաբանի, կրոնական համոզմունքների պատճառով երկրում ավելի քան հինգ հազար քաղբանտարկյալներ կան, որի մասին վկայված է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Բացի այդ, ըստ հոդվածագրի, ոտնահարվում են Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ թալիշների, թաթերի, ուդիների, ավարների, քրդերի եւ մյուս էթնիկ խմբերի իրավունքները:
Իրանցի վերլուծաբանի համոզմամբ, փորձը ցույց է տվել, որ Բաքվի համար միջազգային համաժողովները երկրում մարդու հիմնարար իրավունքների խախտման դեպքերը քողարկելու միջոց են: Իսկ COP29-ը Ադրբեջանի պատկերացմամբ, արդյունավետ միջոց է միջազգային հանրության ուշադրությունն ու հասարակական կարծիքը Արցախի էթնիկ զտումների փաստից շեղելու համար:
Ըստ վերլուծաբանի, թեեւ Ադրբեջանի նավթային պաշարներով շահագրգռված Արեւմտյան երկրների մեծամասնության կողմից Բաքվի վայրագություններին հարկ եղած արձագանքը չի հնչել, սակայն Միջազգային քրեական դատարանն այն որակել է որպես էթնիկ զտումների օրինակ եւ ռազմական հանցագործություն: Ի դեպ, նույն դատարանի նախկին առաջին դատախազ Լուիս Օկամպոն էլ ողջ հայությանը բաց նամակ է հղել COP29-ին ընդառաջ Ադրբեջանում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու պահանջով մեդիաարշավ սկսելու համար:
Բացի այդ, Բազմաթիվ անհատներ, բնապահպանական եւ իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի համաժողովին ընդառաջ կամ դրանից հետո հայ գերիներն ու պատանդներն ազատ արձակվեն:
Այդ պատճառով էլ, ըստ վերլուծաբանի, հյուրընկալելով միջոցառման շուրջ 80 հազար մասնակցի, Ադրբեջանը խաղաղատենչ պետության դիմակ հագնելով՝ փորձում է COP29-ի միջոցով շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ ահավոր հանցագործությունից:
Շարունակելով միտքը, Ահմադ Քազեմին հավելում է, որ Ղարաբաղից վտարված հայերին պատկանող պատմական եւ կրոնական հուշարձանների ոչնչացման մասին լուրերը քողարկելու համար Ադրբեջանի նախագահն Արցախն ու շրջակա միջավայրը հռչակել է որպես «կանաչ էներգիայի» գոտի: Քազեմին տարակուսանք է հայտնում, որ Ադրբեջանը Արցախն օկուպացնելուց ու Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը բռնազավթելուց հետո անգամ հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ խաղաղության պայմանագիրն ստորագրելու դիմաց նոր պահանջներ դնելով Երեւանի առջեւ: Բացի այդ, ըստ հոդվածագրի, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան», ինչը Հայաստանի նկատմամբ Բաքվի ցուցաբերած տարածքային հավակնությունների մասին է վկայում:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ